Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին և ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել թվով 20 մեքենա: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զեկուցվել է նաև, որ զուգահեռաբար ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նախորդ շաբաթ կայացել է 2 մրցույթ, որին մասնակցել են 11 երթուղիներ:
Զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման ուղղությամբ արդեն մշակվել է տեխնիկական առաջադրանք և առաջիկայում կգործարկվի պիլոտային ծրագիրը:
Զեկուցվել է նաև, որ վարչական շրջանների 2012 թվականի զարգացման ծրագրերով նախատեսված և շարունակվող ասֆալտբետոնե ծածկույթների վերականգնման աշխատանքների մեծ մասն ավարտված է:
Քաղաքապետը ևս մեկ անգամ հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել որակի ապահովումն ու ժամկետների պահպանումը:
Զեկուցվել է, որ կանգառագոտիների վերանորոգման և փողոցների գծանշման նպատակով ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո գծանշման ենթական փողոցների ցանկն անմիջապես տրամադրվում է համապատասխան կառույցներին` վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար: Հանձնարարվել է գծանշումները կազմակերպել հնարավորին սեղմ ժամկետում, որպեսզի ապահովվի անտանգ երթևեկ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար:










































