Հայաստանում ավտոմեքենաների 75 %-ը բնական գազով է աշխատում, այն դեպքում, երբ օրինակ ԱՄՆ-ում, այդ ցուցանիշը 0.1 %-ից պակաս է: Այս տվյալներն իր վերլուծության մեջ վերջերս հրապարակել էր ամերիկյան Bloomberg գործակալությունը:
«Աքիլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Bloomberg-ի վերլուծությունը, նշեց, որ պատճառը շատ պարզ է՝ մարդիկ գումար են տնտեսում:
«Բենզինը 3-4 անգամ թանկ է գազից և, ով քիչ է վարում, բենզինով է աշխատում, իսկ ով շատ՝ պետք է անցնի գազի: Եթե մարդը շատ է վարում, գազին անցնելը 6-7 ամսում արդարացնում է կատարված 1000 դոլար ծախսը: Օրինակ՝ երթուղայինները, տաքսիները»,- ասաց Է. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Վրաստանում ավտոմեքենաները գազ շատ ավելի քիչ են օգտագործում, բայց այնտեղ էլ է կամաց-կամաց անցում կատարվում վառելիքի այս տեսակին, թեև այնտեղ այդ քանակությամբ գազալցակայաններ չկան, ինչպես Հայաստանում. «Այնտեղ ճամփորդելիս մի գազալցակայան չեմ տեսել, իսկ մեզ մոտ մինչև Սևան հասնելը 4-5 գազալցակայան կա»:
Անդրադառնալով գազի սպասվող թանկացման մասին տարածված լուրերին` Է. Հովհաննիսյանը նշեց, որ դրա հետևանքով բնակչության մի շերտ քիչ կվարի մեքենա և, համենայն դեպս, կմտածի՝ այսօր մեքենայո՞վ գնալ գործի, թե՞ ոչ:








































