Հուլիսի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան և Արևմտյան Հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներին` ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Տ. Հակոբ քահանա Գևորգյանի և Տ. Ավետիս քահանա Աբովյանի:
Հանդիպման սկզբում Տեր Հայրերը Վեհափառ Հայրապետին ներկայացրել են երիտասարդներին` տեղեկացնելով, որ թեմակալ առաջնորդներ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ խմբերն ամեն տարի այցելում են Հայրենիք ուխտագնացության, ինչպես նաև «Հայկական ծառայողական ծրագիր» և «Քրիստոնեական երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան» ծրագրերի շրջանակներում իրենց մասնագիտական ծառայությունն են բերում Հայաստանի մարզերից որևէ մեկում:
Այնուհետև երիտասարդներին ողջունել է և իր օրհնությունը բերել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով թեմերից երիտասարդների ամենամյա այցելությունների և Հայրենիքին իրենց սպասավորությունը բերելու պատրաստակամության համար: Իր խոսքում Նորին Սրբությունը ընդգծել է այսպիսի այցելությունների կարևորությունը` նշելով, որ դրանք խանդավառում ու ոգեշնչում են երիտասարդներին և հնարավորություն են ընձեռում անձնապես տեսնել և ճանաչել Հայրենիքը` հաղորդակից դառնալով նրա բազմադարյա հարուստ մշակույթին և սրբազան արժեքներին:
Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը հայտնել է թեմակալ առաջնորդներին` նման այցելություններ կազմակերպելու և Սփյուռքի երիտասարդ հայորդիներին Հայրենիքը և իրենց ինքնությունը բացահայտելու հնարավորություն ընձեռելու համար: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ այս ացելության արդյունքում երիտասարդները հոգեպես և գիտելիքներով հարստացած ու առավել խանդավառված պիտի վերադառնան իրենց բնակավայրեր:
Հանդիպումից հետո երիտասարդները Մայր Տաճարում մասնակցել են Ս. և Անմահ պատարագին:








































