Boeing-ը ներկայացրել է նոր 747-8 Intercontinental մոդելը, որը, Associated Press-ի հաղորդմամբ, ընկերությունը համարում է եվրոպական Airbus A-380-ի հիմնական մրցակիցը:
Նախորդ մոդելի համեմատ, այս մոդելը զգալիորեն երկար է: Ենթադրվում է, որ նոր Boeing-ը կնվաճի ասիական շուկաները: Հանուն դրա, շնորհանդեսը կազմակերպողները հրաժարվել էին ավանդական կապույտ գույնից` ընտրելով կարմիրն ու նարնջագույնը, որոնք Հեռավոր Արևելքում հարստության և հաջողության խորհրդանիշն են:
Նոր Boeing-ում 467 նստատեղ կա, որն ավելի քիչ է, քան ունի A-380։ Սակայն մոդելի հեղինակները շեշտում են, որ փոխհատուցել են դա լրացուցիչ հարմարավետությամբ:
Նոր մոդելի 20 ինքնաթիռ արդեն իսկ գնելու է գերմանական Lufthansa-ն, ևս 13-ը` կորեական Korean Air-ը: