Բջջային հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը ԱՄՆ-ում Lumia-900 սմարթֆոնը վաճառում է կրկնակի էժան` 50 դոլարով: Գինն իջեցրել են սմարթֆոնի թողարկումից 3 ամիս անց: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Lumia-900-ը ապրիլին հայտնվել էր ամերիկյան շուկայում՝ AT&T օպերատորի խանութներում: Սարքը վաճառվում էր 99 դոլարով՝ ըստ բջջային օպերատորի հետ կնքած երկամյա պայմանագրի, սակայն կիրակի Nokia-ն սմարթֆոնի գինը կրկնակի իջեցրել է:
Դա պայմանավորված է սմարթֆոնների շուկայում ընկերության դիրքերի թուլացման հետ կապված ֆինանսական խնդիրների սրմամբ: Հինգշաբթի Nokia-ն պատրաստվում է ներկայացնել 2012-ի երկրորդ եռամսյակում ունեցած ֆինանսական արդյունքները: Կանխատեսումների համաձայն՝ ընկերությանը կորուստներ են սպասվում` ինչպես առաջին եռամսյակում:
Nokia-ի ղեկավար Սթիվեն Էլոպը անցած ամիս հայտարարել էր ընկերության վաճառքի ծավալների անկման պատճառով 10 հազար աշխատատեղ կրճատելու մասին:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում ընկերության սմարթֆոնը դուրս բերվեց վաճառքի, գրեթե բոլոր օգտատերերը ֆորումներում սկսեցին իրենց դժգոհությունն արտահայտել առ այն, որ հեռախոսը չի միանում ցանցին:
Lumia-900-ը Nokia-ի արդեն 3-րդ սմարթֆոնն է, որ աշխատում է Microsoft-ի Windows Phone օպերացիոն համակարգով:










































