Իտալիայի իշխանությունները ծրագրում են մոտակա 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ռեալիզացնել 15-20 մլրդ եվրոյի պետական ակտիվներ: Այս մասին Corriere della Sera-ի հետ զրույցում հայտնել է երկրի ֆինանսների նախարար Վիտորիո Գրիլին:
Նախարարի խոսքով` պետական ակտիվների վաճառքից ստացված գումարը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսը:
«Այդ միջոցառումը, ինչպես նաև էկոնոմիկայի ամենամյա աճը` շուրջ 1 տոկոսով, Իտալիային թույլ կտա 5 տարում 20 տոկոսով կրճատել պետպարտքը »,- ասել է նախարարը:
Նախարարի կանխատեսումների համաձայն` Իտալիայի ՀՆԱ-ն ընթացիկ տարում կրճատվել է 2 տոկոսից ոչ պակաս: Ընդ որում` ապրիլին երկրի կառավարությունը կանխատեսել էր 1.2 տոկոսով նվազում:
Իտալիայի պետպարտքը 2011թ. աճել է` հասնելով ՀՆԱ-ի 120,1 տոկոսին, իսկ ընթացիկ տարում, երկրի կառավարության ապրիլյան կանխատեսումների համաձայն, այն կարող է հասնել ՀՆԱ-ի 123,4 տոկոսին:
Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը ուրբաթ օրը Իտալիայի ինքնիշխան պարտատոմսերի վարկանիշը նվազեցրել է 2 կետով` A3-ից մինչև Baa2` բացասական կանխատեսմամբ, ինչը ենթադրում է երկրի վարկանիշի հետագա նվազեցում ևս:







































