«Կապիտալը երբեք հակասության մեջ չի մտնում իշխանությունների հետ, որովհետև նրանք նույն վեկտորով են շարժվում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ես ասել եմ, որ կան որոշ մարդիկ, որոնք կուտակել են որոշ հնարավորություններ, և այս երևույթը, բնականաբար, թույլ չի տալու, որ նրանք գնան առճակատումների իշխանության հետ»,- այս մասին այսօր հայտարարեց տնտեսագետ, ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ԲՀԿ ո՞ր անձանց ձեռքում է կապիտալ կուտակված և ինչքա՞ն, քանի որ վերջին հարցազրույցներից մեկում Բոստանջյանը նման միտք էր արտահայտել:
Մեր հարցին, թե կոնկրետ ո՞ւմ մասին է խոսում, Բոստանջյանը նշեց. «Իմ մասին եմ ասում, որովհետև եթե իմ հայտարարագիրը տեսնեք, ի տարբերություն բազմաթիվների հայտարարագրերի, այնտեղ ամենաշատ եկամուտներից մեկը ես ունեմ»:
Ըստ նրա` իշխանությունների հետ առճակատման գնալը ինքնանպատակ չէ, ամեն մի մտածող մարդ ցանկանում է երկիրը ավելի բարգավաճ տեսնել, ավելի բարեկեցիկ, և հիմա բոլոր այդ մարդիկ ինչի՞ համար պետք է գնան առճակատման:
«Առճակատման գնում են չբավարարվածները, ինչ-որ շատ բան ուզողները և դրան չհասնողները, չհիմնավորվածները, ամբիցիոզները: Կարող են լինել հիվանդ մարդիկ, որոնք ամեն ինչից դժգոհ են, իսկ իրենց անձից շատ գոհ են: Դրա համար ես չեմ կարող առճակատման գնացող մարդկանց շարքին դասել նրանց, որոնք նպաստում են մեր երկրի բարեկեցության զարգացմանը»,- ասաց Վ. Բոստանջյանը՝ հավելելով, որ կապիտալը չափազանց կարևոր դեր ունի, այն տիեզերական, աքսիոմատիկ ինստիտուտ է, ցանկացած երկիր պետք է ազատական հարաբերությունների պայմաններում ունենա կապիտալ, որ գործ սկսի: Հակառակ դեպքում տեղում դոփում են:
Հիմա ՀՀ-ում կապիտալի կուտակման սկզբնական փուլն է, բայց, տնտեսագետի կարծիքով, պետք է տարբերություն դնել կապիտալի կուտակման ձևի մեջ, քանի որ երկրներ կան, որ սարսափելի արյունահեղությամբ է ուղեկցվել այդ շրջանը, իսկ ՀՀ-ում չկա նման բան, քանի որ հայ միտքը շրջահայաց է:
ԲՀԿ անդամը հայտարարեց, որ իշխանություններին կամ ընդդիմությանը այլընտրանք չի լինում. «Գուցե ես սահմանափակ մտածողություն ունեմ, բայց ես չեմ կարող հասկանալ դա: Բառարաններում շատ ման եմ եկել, չեմ գտել նման բան: Գուցե դեռ չեն հասցրել տեղադրել բառարաններում»:
Իր պասիվությունը ԲՀԿ կազմում և մեր դիտարկմանը` հնարավո՞ր է, որ դադարեցնի անդամությունը ԲՀԿ-ին, Բոստանջյանը մեկնաբանեց այսպես. «Ցուցակների կազմելուց հետո չեն հրավիրում քննարկումների: Ես չեմ խզել, էդպես ստացվեց: Իմ օրակարգում չի կուսակցությունից դուրս գալու հարցը, թող իրենք մտածեն»:
Վ. Բոստանջյանի գնահատականով` ոչ մի միասնական թեկնածու չի կարող էական նշանակություն ունենալ մեր երկրի զարգացման համար, իսկ այս ընդդիմադիր ուժերը չեն կարողացել հասնել այն մակարդակին, որ իրենք արտահայտեն հասարակոււթյան լայն զանգվածների սպասումները, իղձերը, և այս պարագայում միասնական թեկնածուն պետք է լիրիկական բնույթ կրի: Հիշեցնելով, որ ՀՀԿ-ին հասարակությունն ավելի շատ ձայներ է տվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Բոստանջյանը նաև նկատեց, որ հասարակությունը կարող է իրեն երջանիկ զգալ ժամկետանց ձեթեր ստանալուց. «Ի՞նչ վատ է: Ուրեմն, մենք արտահայտում ենք իրենց իղձերն ու ցակությունները: Իրատեսական չէ, որ միասնական թեկնածուն կհաղթի ընտրություններում»:
Բանախոսի պնդմամբ, 2006-ից մինչ օրս, երբ մասնակցել է ԲՀԿ հիմնադրամը, կայացմանը, ծրագրային փաստաթղթերի մշակմանը, չի նկատել որևէ կապ Ռոբերտ Քոչարյանի հետ: Անդրադառնալով Ռոբետ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցին` տնտեսագետը նշեց, որ կառավարման համակարգում գտնված մարդիկ գրեթե միշտ գտնվում են այդ համակարգում, և որպես օրինակ՝ բերեց Ջիմի Քարտերին, որին երբ ԱՄՆ-ը լիազորում է բանակցություններ վարել, մյուս կողմը հասկանում է, որ նա ներկայացնում է ԱՄՆ-ը: Ըստ Վ. Բոստանջյանի` սա չի վերաբերում միայն Ռ. Քոչարյանին, այլև տարածվում է բոլորի վրա:









































