ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պատրաստվում ներողություն խնդրել Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի կուսակցությունից՝ Bain ընկերության ղեկավարի պաշտոնում նրա գործուներությունը քննադատելու համար:
«Մենք չենք պատրաստվում ներողություն խնդրել: Ռոմնին պնդում է, որ կլուծի տնտեսական խդիրները, քանի որ ինքը մեծ փորձ ունի բիզնեսում: Ես կարծում եմ, որ ընտրողները միանգամայն օրինական կերպով ցանկանում են իմանալ, թե որն է այդ փորձը»,- ասել է Օբաման, որի խոսքերը մեջբերում է Fox News-ը:
Հիշեցնենք. մայիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը թողարկել էր տեսանյութ, որում Օբամայի հավանական մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին մեղադրվում էր Կանզաս Սիթիի պողպատի գործարանի սնանկացման մեջ:
6 րոպե երկարությամբ տեսանյութը համացանցում տեղադրվել է մայիսի 14-ին: Դրանում գործարանի նախկին աշխատակիցները պատմում են, թե ինչ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ 1993 թ. ձեռնարկությունն անցել է Ռոմնիի Bain Capital ներդրումային ընկերության տրամադրության տակ: Օբամայի քաղտեխնոլոգները պնդում են, որ ընկերությունը դուրս է հանել գործարանից ողջ եկամուտը՝ այն թողնելով պարտքերի մեջ: Երբ գործարանը սնանկացել է, աշխատակիցներին չի հաջողվել ամբողջ ծավալով ստանալ թոշակները և բժշկական ապահովագրությունը: Associated Press-ի տվյալներով՝ դաշնային կառավարությունը ստիպված է եղել ձեռնարկության թոշակային ծրագրերում ներդնել 44 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, աշխատանքից զրկվել է 750 մարդ:
Գործարանը սնանկ է հայտարարվել 2001 թ.:









































