Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ բարոյական և տրամաբանական չէ մեղադրել Կոնգրեսին Մարտի 1-ը մոռացության մատնելու մեջ: Որպես ապացույց Լևոն Զուրաբյանն ասում է, որ մտնելով խորհրդարան` Կոնգրեսը բարձրացրել է Մարտի 1-ի զոհերի փոխհատուցման հարցը, ինչպես նաև չի բացառվում, որ Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող նոր հանձնաժողով ձևավորելու հարց քննարկվի խորհրդարանում: Զուրաբյանը նաև հիշեցնում է, որ Կոնգրեսի ճնշման ներքո իշխանությունները հայտարարեցին քննությանը նոր թափ հաղորդելու մասին:
Ինչպես հայտնի է, Մարտի 1-ը մոռանալու մեջ Կոնգրեսին կոնկրետ մեղադրանք հնչեցրել է Կոնգրեսից դուրս եկած, Մարտի 1-ի հարցով փաստահավաք խմբում Կոնգրեսը ներկայացրած Անդրանիկ Քոչարյանը` մեր կայքին տված հարցազրույցում: Թե որքանով են Քոչարյանի կամ Կոնգրեսի գործողությունները միմյանցից ավելի տրամաբանական կամ բարոյական, Կոնգրեսն ու Քոչարյանը կորոշեն թերևս իրենք` պարզելով միմյանց հարաբերությունները: Սակայն խնդիրը տվյալ պարագայում Մարտի 1-ն է և դրա հասարակական-քաղաքական կարևորությունը պետության ապագայի տեսանկյունից: Եվ այստեղ, իհարկե, Լևոն Զուրաբյանի բերած փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են` այն պարագայում, երբ Կոնգրեսը ներկայումս սերտորեն համագործակցության մեջ է մտել իր իսկ կողմից հռչակված Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի հետ, որի թիկունքում ակնհայտորեն նշմարվում են ամենագլխավոր պատասխանատուի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուրվագծերը, մեղմ ասած` ուրվագծերը:
Կոնգրեսը պարզապես զավեշտի է վերածում հարցը` խոսելով փոխհատուցման խնդիրը բարձրացնելու մասին և ընդամենը չբացառելով, որ բարձրանա նոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Բանն այն է, որ առավել կարևոր է, այդ թվում` երևի թե նույնիսկ կամ նաև Մարտի 1-ի զոհերի հարազատների համար, որ նախ լիարժեք բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն մեղավորները: Մինչդեռ խորհրդարանում առաջին իսկ քայլով այդ խնդիրը բարձրացնելու փոխարեն՝ իր նոր գործընկեր ԲՀԿ-ի օգնությամբ, Կոնգրեսը, չգիտես ինչու, խոսում է փոխհատուցումների հարց բարձրացնելու մասին, երբ պարզ է նաև, որ այդ հարցը կառավարությունը պարզապես անտեսել է: Այստեղ կառավարությունից ավելին սպասել հնարավոր չէ: Իշխանությունը թաքցրել է, թաքցնելու է և հավանաբար ամեն ինչ անելու է ապագայում էլ իր գործած հանցանքը թաքցնելու, Մարտի 1-ի գործընթացը մոռացության մատնելու համար:
Իսկ ահա Կոնգրեսը, որ իրեն հռչակել է Մարտի 1-ի խնդրի գլխավոր իրավատեր քաղաքական ուժ, ներկայումս զբաղված է քաղաքական այնպիսի գործարքներով, որոնք իրականում քաղաքական առումով լղոզում են Մարտի 1-ի խնդիրը: Այն հիշեցումները, որ ժամանակ առ ժամանակ անում է Կոնգրեսը միջազգային տարբեր պատվիրակությունների հետ հանդիպմանը, իրականում ընդամենը արարողակարգ են` կուլիսային այն գործարքների համեմատ, որ կայացնում է Կոնգրեսը վերջին շրջանում: Իսկ Լևոն Զուրաբյանի պնդումը, թե Կոնգրեսի ճնշման տակ իշխանությունը Մարտի 1-ի քննությանը նոր թափ է հաղորդել, առնվազն ծիծաղելի է, երբ փորձում ենք տեսնել, թե այդ նոր թափն ինչ նոր արդյունք է բերել պետական մասշտաբի այդ հանցագործության պատասխանատուների համար: Այդ «նոր թափը» ընդամենը իրավիճակի ազդեցության տակ Սերժ Սարգսյանի արած մի հայտարարություն էր, որը գործնական առումով որևէ բան չի փոխել Մարտի 1-ի քննության պատկերում: Եվ ավելին, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը նախորդ տարի ամռանը հայտարարում էր, որ Կոնգրեսը առաջիկա ամիսներին գլխավոր խնդիրը համարելու է Մարտի 1-ի բացահայտմանն ուղղված ջանքերի ակտիվացումը: Ըստ երևույթին Կոնգրեսի առաջնորդը նկատի ուներ ԲՀԿ-ին ուղղված ակտիվ ռևերանսները, որովհետև դրանից հետո Կոնգրեսը միայն այդ հարցում է եղել ակտիվ:









































