Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ 2009 թվականին ապօրինի զենք պահելու և կրելու համար Թբիլիսիում ձերբակալվել է և հնգամյա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի քաղաքացի, ռուսական բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Պավել Բլիաձեն: Եվ ահա, այժմ նրա պատժաժամկետն ավելացվել է և հասցվել 8.5 տարվա:
Վրացական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացին արձակուրդի համար հայրենիք է վերադարձել Հայաստանի սահմանով: Նրա փաստաբանը նշել է, որ խորհրդային ու ռուսական բանակներում 20 տարի ծառայած Բլիաձեին առաջարկել են համագործակցել վրացական մարմինների հետ, սակայն նա հրաժարվել է:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ը պահանջել էր ազատ արձակել սպային՝ նրա ձերբակալությունը որակելով որպես սադրանք, իսկ նրա դեմ հարուցված գործը՝ կեղծիք՝ ընդգծելով, որ նրա մոտ հայտնաբերված ատրճանակը չի պատկանել սպային: Ներկայումս նրա պատժաժամկետի ավելացումը պայմանավորված է բանտում ապօրինի ձևով բջջային հեռախոս պահելով և գործածելով: Սպան մտադիր է իր ազատազրկման որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:






































