2011-ի մարտի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից և ատոմակայանի վթարից հետո առաջին անգամ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի լողափերը բացվել են: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն:
Լողափերի բացումն արվել է այսօր`Ճապոնիայում նշվող Ծովերի օրվա առթիվ: Անցած տարի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո լողափերն ու բաց լողավազանները փակվել էին` ծովի ջրերում և մթնոլորտում ռադիոակտիվ արտահոսքի պատճառով:
Ռադիոակտիվության պարբերաբար չափումները ցույց են տվել, որ ծովի ջուրն անվտանգ է. նրանում ռադիոնուկլեոտիդներ ընդհանրապես չեն հայտնաբերվել: Մթնոլորտում ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը կազմում է 0,06-0,07 միկրոզիվերտ/ժամ, ինչը նորմայից զգալիորեն քիչ է:
2011-ի երկրաշարժին հաջորդած ցունամին լողափերը սրբել էր կառույցներից: Շուրջ մեկ տարի է պահանջվել լողափերը վերականգնելու համար:









































