«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:
– Պարոն Չուգասզյան, մի քանի շաբաթ է՝քաղաքացիական նորաստեղծ նախաձեռնությունները բողոքի ակցիաներ են կազմակերպում Ազգային ժողովի, նախագահականի մոտ, մոմավառություն կատարում «Հարսնաքարում» և այլն: Հասարակության զարթոնքի գործընթա՞ց է տեղի ունենում:
– Սպասելի էր, որ հերթական չընտրություններից հետո հասարակության հուսահատությունն ավելի պետք է խորանար, իսկ պայքարի դասական խորհրդարանական ճանապարհները մտնեին փակուղի: Սա պետք է հանգեցներ նրան, որ վաղ թե ուշ հուսահատությունից դուրս գալու նոր ճանապարհներ փնտրվեին: Վահե Ավետյանի եղերական մահը վերջին կաթիլն էր, որ լցրեց հանրության համբերության բաժակը: Ցավոք սրտի, Վահեն անպատժելիության մթնոլորտում ծնված այս կարգի հանցագործությունների երկար շարքի հերթական զոհը դարձավ: Մարդկային ողբերգության առումով բոլոր նախորդ դեպքերը նույնքան սոսկալի էին, որքան և վերջինը: Սակայն այս անգամ հասարակական արձագանքը շատերի համար անսպասելիորեն գերազանցեց ակնկալվածը: Սա մի կողմից` պայմանավորված էր նախորդ դեպքերի համեմատ այս հանցագործության հասարակական վտանգավորության որակապես այլ մակարդակով, որովհետև առաջին անգամ քրեաօլիգարխիկ համակարգը ձեռք էր բարձրացնում երկրի անվտանգության երաշխավորի՝ հայկական զինված ուժերի հիմնասյուն հանդիսացող սպայակույտի վրա, մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակությունը վերջին տարիներին զգալիորեն հասունացել էր և կարողացավ ինքնակազմակերպվել ու հասարակական ճնշում բանեցնել:
– Իսկ արդյոք բավարա՞ր չափի է հասարակական մասնակցությունը` լուրջ փոփոխությունների հասնելու համար:
– Կարելի է ասել, որ շարժումը դեռ նոր է սկսվում: Առաջին օրը, երբ մենք կոչ արեցինք բողոք արտահայտելու համար հավաքվել Ազատության հրապարակում, ընդամենը 20-30 հոգի էր հավաքվել, սակայն բողոքի ծավալները շատ արագ մեծացան` ընդգրկելով նաև Սփյուռքի բազմաթիվ գաղութներ, և հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը սկսում է միանալ նախաձեռնությանը:
– «Վահե Ավետյան» նախաձեռնության հաջորդ քայլը Քառասունքի օրվա մոմավառությունն է: Բացի մոմավառությունից` ի՞նչ այլ ակցիաներ կլինեն:
– Կարծում եմ՝ ժողովրդի, նաև նրա բանակի սպայակույտի արժանապատվությունն է արթնանում: Իրեն երկրի տեր զգացող քաղաքացին սկսում է գիտակցել, որ ոչ թե դատարկամիտ հավատի («հավատա, որ փոխվես»), այլ միայն հանրային ինքնակազմակերպման և վճռական հասարակական ճնշումների շնորհիվ է մեր երկրում հնարավոր փոփոխությունների հասնել: Ինչպես ցույց տվեցին Վահե Ավետյանի սպանության առնչությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու ջանքերը, այլևս անիմաստ է հույս կապել մի մարմնի հետ, որտեղ ընդդիմության օգտակար գործողության գործակիցը մոտենում է զրոյի, քանի որ այնտեղ մեծամասնությունը կազմում է մի ուժ, որն ամբողջովին կանգնած է բռնության հակամշակույթի քարոզիչ Ռուբեն Հայրապետյանի մեջքին և, ըստ էության, նույն կոդի կրողն է: Այդ մարմնի հետ կապել որևէ լուրջ հույս` ապարդյուն է: Պատռվում է վարչակազմի դիմակը, և պարզվում է՝ովքեր են Հայաստանում դարձել օրենսդիրներ, ինչ բարքերով են նրանք ապրում, ինչ կենցաղ ունեն: Այդ մարդիկ ոչ թե պարզ օրենսդիրներ են, այլ տարբեր, այդ թվում` պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ` ինչպես Ռուբեն Հայրապետյանը, և նրանց է տրված մեզ` բոլորիս վերաբերող որոշումների կայացման ճակատագիրը: Առաջիկայում, գործի նախաքննությանը զուգահեռ, կարծում եմ` մենք ականատեսը կլինենք բացահայտումների մի իսկական սերիալի:
– Պարոն Չուգասզյան, բայց չէ՞ որ միայն Ռուբեն Հայրապետյանը չէ, որ քրեաօլիգարխիկ բուրգում է` շատ է ասվում, որ Հայաստանը 44 օլիգարխներին է պատկանում, ինչո՞ւ միայն նրան թիրախավորել և նրանց բոլորին միանգամից պատասխանատվության չենթարկել:
– «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության առաջին հայտարարության մեջ հստակ նշվում է, որ Հայաստանի իշխանությունների շարունակական օրինազանցությունների հետևանքով ձևավորվել է իշխանության այնպիսի մի տեսակ, որն առաջնորդվում է քրեական հակամշակույթով, ինքնադատաստանի, ժամանակակից պետականության հետ որևէ առնչություն չունեցող, անհեռանկար արժեհամակարգով: Բնականաբար, շարժման նախաձեռնող խումբը գիտակցում է, որ այս ամենը իշխանական համակարգից է ծնվում, բայց նաև գիտակցում է, որ Ռուբեն Հայրապետյանը ամենակարկառուն ներկայացուցիչներից է, հայկական քրեաօլիգարխիկ համակարգի խորհրդանիշը և խոսնակը: Այդ խորհրդանիշի էության բացահայտումը դառնում է գիտակցության զարթուցիչը: Նրան պատասխանատվության կանչելով` քաղաքացիական հասարակությունը փորձ և ինքնավստահություն է ձեռք բերում, և այդ ինքնավստահության վրա են հենվելու ամբողջ քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման հետագա քայլերը: Սա լինելու է քայլ առ քայլ, սպրինտերային վազք չէ: Հասարակությունը պետք է ուժեղանա և հասկանա, որ կարող է արդյունքների հասնել ինքնակազմակերպվելով: Քաղաքական դասական ընդդիմադիր դաշտում դրված խնդիրները մինչև հիմա փորձ է արվել լուծել դասական ընտրությունների միջոցով: Վերջին` «հեղափոխությունը 30 վայրկյանում» արտահայտությունը դրա վկայությունն է: Սակայն վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունը Հայաստանում հասունանում և աճում է փոքր, բայց հաստատուն հաղթանակներ գրանցելով: Մենք տեսանք՝ Մաշտոցի պուրակում քաղաքացիական հասարակության մի հատված փոքր հաջողության հասավ, և հանրությունը նորից վստահությամբ լցվեց իր ուժերի նկատմամբ, և հիմա լծվել է շատ ավելի մեծ խնդրի լուծմանը: Իսկ քաղաքական դասական դաշտում մեծ քայլեր անելով ճանապարհ անցնելու ռազմավարությունը տապալվեց, և հուսահատությունը որոշների մոտ նորից ծնեց արտագաղթի ալիքներ:
– Պարոն Չուգասզյան, քննադատվեց նաև այն, թե ինչու Վահե Ավետյանի Յոթնօրեքի կապակցությամբ «Հարսնաքարի» մոմավառությունը տեղափոխվեց Ռուբեն Հայրապետյանի տան մոտ:
– Ավանում, այսինքն` Ռուբեն Հայրապետյանի մելիքությունում, բողոքի երթը ինքնաբուխ էր և տեղի ունեցավ որպես հետևանք ոստիկանների կողմից մոմավառության արարողության տապալման փորձի: Այն, ինչ կատարվեց «Հարսնաքարի» մոտակայքում, փորձություն էր բոլոր հավաքվածների համար. արդյոք իրենք կկոտրվեի՞ն ոստիկանության բռնի ապօրինությանը և վայրագությանը հանդիպելով, թե՞ կկարողանային իրենց մեջ ուժ գտնել և նորից ցույց տալ վճռականություն: Երբ ես առաջարկեցի երթը ավարտել Ազատության հրապարակում, մտածում էի՝ դա կօգնի ամբողջ քաղաքին իրազեկելու, սակայն միջոցառման բազմաթիվ մասնակիցների կողմից առաջարկ եղավ այն անցկացնել հենց Ավան թաղամասում: Եվ իր ապարանքի մոտ (ավելի ճիշտ` թաղամասի մոտ, քանի որ դա դասական իմաստով անգամ տուն չէ, այլ պարսպապատ թաղամաս) թե՛ հնչած ելույթները և թե՛ լռության րոպեները արտահայտեցին քաղաքացիների լուռ ցասումը և արժանապատիվ համբերությունը: Մենք թաղամասում ենք արել երթը և լավ ենք արել, որ արել ենք, դրանով ապացուցել ենք, որ լի ենք վճռականությամբ` հասնելու մեր նպատակներին:
Շարժման գերնպատակը Ռուբեն Հայրապետյանին պատասխանատվության կանչելն է, որը կարտահայտվի հետևյալում. Ռուբեն Հայրապետյանը պետք է փոխհատուցի Վահե Ավետյանի ընտանիքին հասցված բարոյանյութական վնասը, նա պետք է զրկվի հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Ռուբեն Հայրապետյանը պետք է կրի իր արարքներին համարժեք պատիժ, քանի որ ինքը ուղղակի պատասխանատվություն է կրում քրեածին վարք ունեցող անձանց իր մոտ անվտանգության աշխատանքի ընդունելով, ինչպես նաև իր հրապարակային ելույթներով բռնություն քարոզելով: Բացի այդ, հանրությունը պետք է հրաժարվի նրա ընկերությունների արտադրած ապրանքներից և մատուցած ծառայություններից: Արդյունքները չեն ուշանալու: Ամեն հաջորդ պայքարի հանգրվանում ավելի ու ավելի մարդիկ են ինքնավստահությամբ լցվելու, որ իրենք կարող են փոփոխություններ կատարել` ոչ թե հավատալով, այլ պայքարելով հանուն հայոց բանակի սպայի արժանապատվության, հանուն իրենց և իրենց զավակների կյանքի իրավունքի: «Վահե Ավետյան» շարժումը պայքարում է ընդդեմ բռնության քրեական հակամշակույթի, բայց նախևառաջ այն պայքարում է հանուն արժանապատվության, հանուն մարդկային քաղաքակիրթ կենսակերպի:
– Պարոն Չուգասզյան, ըստ Ձեզ` որքանո՞վ հնարավոր կլինի անարյուն հասնել համակարգային փոփոխությունների:
– Մենք տեսնում ենք, որ քրեաօլիգարխիկ համակարգը առանց զոհերի չի կարողանում ապրել, ինքը, ինչպես մի արնախում վիշապ, հերթական անմեղ զոհերն է պահանջում: Վաղը դա կարող է լինել մեզնից կամ մեր հարազատներից յուրաքանչյուրը: Անկասկած, բոլորս այսօր կուզեինք, որ Վահե Ավետյանը մեզ հետ լիներ, սակայն պետք է գիտակցել, որ այս կարգի զոհաբերությունը պատահականության հետևանք չէ, այլ բռնատիրական իշխանության իրականացման մեթոդ, երբ պարբերաբար սարսափ տարածելով` փորձում են հնազանդեցնել մարդկանց ու այդպիսով իշխել: Ստրկացի՛ր կամ հեռացի՛ր, եթե դու արժանապատվություն ունես, ապա քո հայրենիքում տեղ չունե. սա է այդ համակարգի կարգախոսը: Հնարավո՞ր է նման համակարգի անցնցում կազմաքանդումը: Միայն մայոր Վահե Ավետյանի սպանության և իր ընկերների կրած ծանր մարմնական վնասվածքների համար Ռուբեն Հայրապետյանին և իր կամակատարներին պատասխանատվության կանչելու նախադեպը կտա այս հարցի դրական կամ բացասական պատասխանը:
Նրան պատասխանատվության կանչելը դաս է լինելու ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի, այլև յուրաքանչյուր օլիգարխի համար: Բոլորը պետք է վերջապես հասկանան, որ գործ ունեն իրենց պատասխանատվության կանչող ժողովրդի հետ:
– Իսկ հնարավո՞ր է, որ հաջորդը Գագիկ Ծառուկյանի և մյուս օլիգարխների տան մոտ ակցիա կատարեք:
– Կրկնեմ, որ բողոքի ինքնաբուխ երթն անցնում էր Ավանի հանրային փողոցներով, որտեղ ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի տունն է գտնվում, այլև շատ այլ քաղաքացիների, և, չգիտես ինչու, ոչ մեկի մտքով չի անցնում զարմանալ, թե ինչու այլ քաղաքացիների տների մոտակայքում կարելի է պիկետ անել, իսկ, օրինակ, Ռուբեն Հայրապետյանի տան մոտ` ոչ: Ի՞նչ է, իր տունը հատուկ նշանակության պետական օբյե՞կտ է: Որևէ հանրային փողոցում խաղաղ պիկետ անելը ապօրինի գործողություն չէ: Ինչպես նշված է շարժման հայտարարության մեջ, հասնելով իր նպատակներին՝ շարժումը կստեղծի հանրային համատարած մերժման ու պարսավանքի և սեփական ուժերի նկատմամբ վստահության այնպիսի մթնոլորտ, որտեղ քաղաքացիական պարտականությունների կատարումը կլինի այն երաշխիքը, որ բռնության կամ դրա քարոզի ցանկացած դրսևորման դեպքում կհանգեցնի հասարակության անհապաղ գործուն արձագանքին: Թե հաջորդը ով կլինի` թող իրենք մտածեն:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի








































