Ակնհայտ է, որ «Հարսնաքարի» հայտնի միջադեպի կապակցությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նպատակով խորհրդարանական մի քանի ուժերի նախաձեռնած երեկվա ստորագրահավաքը ձախողվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատճառով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը:
«Կարծում եմ՝ պարզ է մեղքն ումն է. ԲՀԿ-ի օլիգարխ պատգամավորներինը, ովքեր բացակայում էին հանրապետությունից և այդ պատճառով էլ չստորագրեցին նախաձեռնության տակ»,- ասաց նա:
Հարցին՝ իր կարծիքով, գիտակցո՞ւմ է ԲՀԿ-ն մեղքի իր բաժինը, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Եթե այդ կուսակցության պատգամավորները ԱԺ շենք են մտնում-դուրս գալիս և գոնե ֆորմալ առումով զբաղվում են քաղաքականությամբ, բնականաբար գիտակցում են»:
Հիշեցնենք, որ օրերս իրականացված նախաձեռնության ժամանակ 44 ստորագրություն այդպես էլ չհավաքվեց: Այսպիսով, «Հարսնաքարի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար արտահերթ նիստ չի հրավիրվի, քանի որ հավաքվել է ընդամենը 21 ստորագրություն։
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի








































