Կիպրոսի դատարանը որոշել է հետաքննության ընթացքում կալանքի տակ թողնել օտարերկրացուն, ում ձերբակալել են երկրի տարածքում ահաբեկության նախապատրաստման կասկածանքով: Այս մասին հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեաս Անգելիդիսը:
Ոստիկանությունը չի հայտնել ձերբակալվածի անունը և ազգությունը, ինչպես նաև նախապատրաստվող ահաբեկության նպատակները: Պաշտոնական աղբյուրներից հայտնի է միայն, որ 24-ամյա արտասահմանցին ձերբակալվել է անցյալ շաբաթ Լիմասոլում: Անգելիդիսի խոսքով` նրա դեմ հարուցվել է «ազգային անվտանգությանը և ահաբեկչությանը վերաբերող գործ»:
Կիպրոսյան CYBC հեռուստաալիքը հաղորդել է նաև, որ ձերբակալվածը լիբանանցի է, ով Կիպրոս է ժամանել շվեդական անձնագրով: Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերում և լուսանկարներում պատկերված են եղել Իսրայելի` Կիպրոսում գտնվող քաղաքացիներ:








































