Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը երեկ հայտարարություն է տարածել, որում հերքել է այն, որ հունիսի 22-ին թուրքական հետախուզական ինքնաթիռը կործանվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:
Գլխավոր շտաբն իր այդ հայտարարությունն անելիս հենվել է կործանված ինքնաթիռի բեկորների փորձաքննության վրա: Գլխավոր շտաբը նաև հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման վերջնական պատճառի մասին կհայտարարվի ավելի ուշ, երբ Միջերկրական ծովի հատակից դուրս կբերվեն կործանված ինքնաթիռի հիմնական բեկորները:
Հիշեցնենք. կարծիքներ կան, որ այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն Թուրքիային մերժեց ինքնաթիռի կործանման հարցում իր կանոնադրության 5-րդ հոդվածի (ՆԱՏՕ-ի անդամ մեկ երկրի նկատմամբ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ ՆԱՏՕ-ի դեմ) գործածումից, Թուրքիան որոշել է հայտարարել, որ իր ինքնաթիռը չի խփվել Սիրիայի կողմից:








































