«Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ ստորագրահավաքին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը միացել է՝ ընդդիմության շարքերում անջրպետ չմտցնելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Միաժամանակ, սա որևէ մեկի առանձին նախաձեռնություն չի կարելի համարել, քանի որ գործընթացը բավական լայն սպեկտր է ներառում: «Ազատ դեմոկրատները» շարունակում է պնդել, որ նմանօրինակ նախաձեռնություններ պետք է լինեն ոչ միայն «Հարսնաքարի, այլև նմանատիպ բոլոր հանցագործությունների դեպքում: Այլապես միայն «Հարսնաքարի» միջադեպի դիտարկումը շատ նեղ կլինի»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ը խորհրդարանում նույն խանդավառությամբ չի բարձրացնում նաև մարտի 1-ի հարցը, Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ մարտի 1-ը Հայաստանի նորանկախ պատմության ամենամեծ հանցագործություններից է եղել, որի իրավական գնահատականը մինչև վերջ չի տրվել: «Կատարվածին իրավական գնահատական տալու համար, կարծում եմ, պետք է հասնել վարչակարգի փոփոխության»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը նաև նկատեց, որ Մարտի 1-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու հնարավոր նախաձեռնությանը պետք է միանան անխտիր բոլոր ընդդիմադիր ուժերը: «Գտնում եմ, որ դա բոլոր օրինապաշտ քաղաքացիների, առավել ևս ԱԺ պատգամավորների սրբազան պարտքն է՝ հարթել Մարտի 1-ի դեպքերով պայմանավորված բոլոր կնճռոտ հարցերը»,- ասաց Քոքոբելյանը:









































