Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից Թուրքիայում կառուցվող STAR նավթավերամշակման գործարանը շահագործման է հանձնվելու 2015 թվականին: Այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ գործարանի կառուցումը մեկնարկել է 2011 թվականին: Գործարանի տարեկան վերամշակման ծավալը կազմում է 10 միլիոն տոննա, որով կարելի կլինի ամբողջությամբ Petkim նավթաքիմիական ընկերությանն ապահովել հումքով:
Աբդուլաևը հավելել է, որ մինչև 2020 թվականը գործարանի կառուցման մեջ ներդրվելու է 15 միլիարդ դոլար: Աբդուլաևն անդրադարձել է նաև «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլին՝ ընդգծելով, որ դա լինելու է Ադրբեջանի ամենամեծ նախագծերից մեկը:
Աբդուլաևը նշել է, որ բացի «Շահ Դենիզ 2»-ից՝ մշակվելու են նաև «Ումիդ» և «Ապշերոն» հանքավայրերը:









































