Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ այսօր վրացական «Մաեստրո» անկախ հեռուստաընկերության լրագրողները սկսել են անցկացնել մի շարք բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն խոսքի ազատության:
Դա կապված է նրա հետ, որ Վրաստանի իշխանությունները «կալանել են» հեռուստաընկերության կողմից գնված ու շրջաններում տեղադրված նվազագույնը 10,000 արբանյակային ալեհավաք: Դա տեղի է ունեցել հուլիսի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի ընդունած որոշման հիման վրա:
Առաջին հանրահավաքն անցկացվելու է Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի առջև, ապա ակցիաներ կանցկացվեն նաև տարբեր պետհիմնարկների մոտ: Նշվում է, որ «Մաեստրո» հեռուստաընկերությունը կանոնավոր կերպ եթեր է տրամադրում ընդդիմությանը:
Ոչ վաղ անցյալում էլ Վրաստանի իշխանությունները «կալանել էին» Global TV ընկերության ավելի քան 300,000 արբանյակային ալեհավաք, որոնց օգնությամբ շրջաններում կարելի էր նայել ոչ միայն իշխանամետ, այլև՝ ընդդիմադիր հեռուստաալիքներ: Արտոնյալ պայմաններով դրանց տեղադրումը որակվել էր որպես ընտրողներին գնելու փորձ՝ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:









































