Մերձավոր Արևելքում ժողովրդական ապստամբություններն անակնկալի են բերել բրիտանացի հետախույզներին: Այս մասին նշվել է հետախուզության և անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեի ամենամյա զեկույցում:
Կոմիտեի անդամները հայտարարել են, որ հետախուզությունը չի կանխատեսել արաբական երկրներում հեղափոխությունների սկսման հնարավորությունը: Նրանց կարծիքով` սպասվող «արաբական գարնան» մասին կանխատեսումներ չանելը ուղիղ հետևանքն է այն բանի, որ Մեծ Բրիտանիան փոքրացրել է հետախուզական գործունեության մասշտաբները Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասում:
Դրա հետ մեկտեղ Մի-6 բրիտանական հակահետախուզության ղեկավարները հայտարարել են, որ իրենց աշխատակիցները ավելի շատ ուշադրություն են դարձրել ալ-Քաիդայի գործունեությանը և իրանական միջուկային խնդրին, քան արաբական երկրների իրադարձություններին: Այս մասին հաղորդել է Interfax- ը:
Բրիտանական հետախուզության ղեկավարները նաև հաղորդել են, որ իրենք քիչ ռեսուրսներ են ունեցել «արաբական գարնան» իրադարձություններին հետևելու համար:
Կոմիտեի անդամներն իրենց հերթին հայտարարել են, որ հետախուզության ծառայությունները պետք է կանխատեսեին տարածաշրջանում անկարգությունների արագ տարածման հավանականությունը:









































