ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցելությունից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է, թե խաղաղ կարգավորման հարցում ժամանակն է վճռական գործողությունների դիմել:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ սա համանախագահների հերթական այցն է և պարզապես փորձեր են անում ինչ-որ ձևով վերականգնել բանակցային պրոցեսը, որովհետև Աստանայի ելույթներից հետո էսկալացիա էր տեղի ունեցել բանակցային գործընթացում:
Ինչ վերաբերում է վճռական գործողություններ կատարելու մասին հայտարարությանը` Սարգսյանն ասաց. «Արդեն երկու տարի է` ասում են, որ պահը եկել է, ես չեմ կարծում, որ ինչ-որ մի քայլ կարվի: Եթե կողմերը որևէ հայտարարություն անեին, այլ բան է, բայց ինչ-որ էական հայտարարություն ես չտեսա, բացի նրանից, որ միմյանց մեղադրում էին` Ալիևը նորից կրկնում է իր ռազմատենչ հայտարարությունները, Նալբանդյանը այստեղից Ադրբեջանին է մեղադրում: Ես չտեսա կողմերի մոտ այն տրամադրվածությունը, ինչը կար համանախագահների ելույթում»: