Արևմտյան երկրների կողմից մշակված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը Սիրիայի իշխանութուններին 10 օր ժամանակ է տալիս ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Հակառակ դեպքում Սիրիայի կառավարության դեմ կսահմանվեն տնտեսական և/կամ դիվանագիտական պատժամիջոցներ: Այս մասին հաղորդում է է Agence France-Presse-ը, որի տրամադրության տակ հայտնվել է փաստաթուղթը: ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի նախագծի քվեարկությունը նախատեսվում է հուլիսի 20-ին: Ռուսաստանի կողմից առաջարկված բանաձևի նախագծի քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 12-ին:
Բանաձևի նախագծի հեղինակներն են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան: Ավելի վաղ Սիրիայի գործերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը կոչ էր արել ՄԱԿ-ի ԱԽ անդամներին մշակել այնպիսի բանաձև, որը կնախատեսի որոշակի հետևանքներ խաղաղ կարգավորման ծրագիրը չկատարելու դեպքում:
Բանաձևի տեքստում ասվում է, որ Սիրիայի իշխանությունները փաստաթղթի ընդունումից հետո 10 օրվա ընթացքում պետք է Անանի ծրագրի համապատասխան դուրս հանեն զրահատեխնիկան և զորքերը քաղաքներից: Եթե այդ պայմանները չիրականացվեն, ապա Սիրիայի իշխանության նկատմամբ կսահմանվեն պատժամիջոցներ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ փաստաթուղթը կնախատեսի Սիրիայում ռազմական ուժի կիրառում, սակայն այդ տեղեկությունը չհաստատվեց:
Բանաձևի նախագծում նաև առաջարկ է արվում 45 օրով երկարացնել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների մանդատը, որի ժամկետը լրանում է հուլիսի 20-ին: Ռուսաստանի առաջարկած բնաձևի նախագծում առաջարկվում է այդ մանդատն ավելացնել 3 ամսով: Սակայն որևէ պատժամիջոցի մասին Ռուսաստանի տեքստում խոսք չկա:
Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ չի ընդունի որևէ բանաձևի նախագիծ, որը պատժամիջոցներ է նախատեսում: Նույն դիրքորշումն ունի նաև Չինաստանը: Նրանք կարծում են, որ դրանք ոչ մի արդյունք չեն տա:









































