ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի մասամբ կասեցրել է Մյանմայի դեմ սահմանված պատժամիջոցները: Այսպիսով` ամերիկյան ընկերությունները այդ երկրում ներդրումներ անելու հնարավորություն են ստացել: Օբաման իր որոշումը բնութագրել է որպես Մյանմայում քաղաքական բարեփոխումների աջակցության նշան:
Միևնույն ժամանակ, Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը նախկինի պես մտահոգված է ասիական երկրի տնտեսության անբավարար թափանցիկությամբ և այն դերով, որը Մյանմայում խաղում է երկրի նախկին զինվորական իշխանությունը: Այս առնչությամբ Մյանմայում աշխատող ամերիկյան ընկերությունները կպարտավորվեն ամերիկյան վերահսկող մարմնին տրամադրել իրենց գործարքների մասին լիարժեք տեղեկատվություն:
Օբամայի հայտարարությունը պայմանավորված էր Մյանմայում ԱՄՆ դեսպան Դերեկ Միտչելի այցով: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը իր դեսպանին այդ երկրից ետ էր կանչել 20 տարի առաջ:









































