Փարիզը կարծում է, որ Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած բանաձևը չի համապատասխանում միջազգային հանրության սպասելիքներին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բերնար Վալերոն:
Ավելի վաղ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկել է Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ. դա նախատեսում է 3 ամսով երկարացնել երկրում ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը, որի մանդատը լրանում է հուլիսի 20-ին:
Վալերոյի խոսքերով՝ հուլիսի 6-ին Փարիզում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների խմբի» նիստին հստակ կոչ է հնչել անցում կատարել նոր փուլի, ավելացնել ճնշումը Սիրիայի կառավարության վրա և նոր բանաձև ընդունել Սիրիայի դեմ՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի հիման վրա:
«Այս տեսանկյունից միանգամայն ակնհայտ է, որ ռուսական նախագիծը ցածր է միջազգային հանրության մեծ մասի ակնկալիքներից»,- ասել է նա:
Վալերոն նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ ապահովել Ժնևում ընդունած համաձայնագրի հիմնական կետերի իրականացումը, մասնավորապես իշխանության փոխանցումը անցումային կառավարությանը: Նրա խոսքերով՝ իրենց առաջարկները արևմտյան երկրները կներկայացնեն ՄԱԿ-ի ԱԽ-ում Քոֆի Անանի զեկույցից հետո:









































