ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Գեղարքունիքի մարզում ծանոթացել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով աշխատանքները շարունակվում են, առաջիկայում կմեկնարկեն նաև երրորդ փուլով նախատեսված աշխատանքները: Յուրաքանչյուր փուլով մարզին հատկացվել է 1,1-ական մլրդ դրամ, որոնք ուղղվել են հիմնականում ջրագծերի, համայնքային կենտրոնների, մշակույթի տների, դպրոցների և մանկապարտեզների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը:
Մարզպետ Ռ. Գրիգորյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցը սկսել է Ծաղկունք համայնքից, որտեղ ընթացքի մեջ են օրվա կարգավորիչ ջրամբարի վերականգնման և 5,8 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները: Այս նպատակով մարզի աջանահերթ խնդիրների լուծման ծրագրով ընդհանուր առմամբ հատկացվել է 108 մլն դրամ: Ա. Գևորգյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին. զեկուցվել է, որ առաջիկայում կավարտվի կարգավորիչ ջրամբարի վերակառուցումը և կմեկնարկեն ջրագծի կառուցման աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագիրը, ինչպես նաև գյուղի ջրամատակարարման համակարգի կառավարման խնդիրը կքննարկվի նաև ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ մասնագետների հետ:
Մարզպետը նաև փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց Դդմաշեն – Հրազդան ճանպարհահատավածի վերականգնման ընթացքի մասին: Նշվել է, որ 5,5 կմ երկարությամբ հատվածի վերականգնումը նախատեսվում է ավարտել օգոստոսի վերջին: Ծրագրի արժեքը 581,5 մլն դրամ է:
Գեղամավան համայնքում վերանորոգվում է մշակույթի տունը, որի համար ծրագրի առաջին փուլով հատկացվել է 45, երկրորդ փուլով` 30 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվել է, որ երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթից: Ա. Գևորգյանը մարզպետի և համայնքապետի ուշադրությունը հրավիրել է ջեռուցման համակարգի կառուցման անհրաժեշտության վրա:
Փոխվարչապետը Սևան քաղաքում ծանոթացավ Նալբանդյան 36 հասցեում գտնվող բազմաբնակարան վթարային շենքի խնդրին: Տեղում, մարզպետի և բնակիչների մասնակցությամբ քննարկվեց իրավիճակը: Հաշվի առնելով, որ ծրագրի երկրորդ և երրորդ փուլերով շենքի վերակառուցման համար հատկացված 60 մլն դրամով հնարավոր չէ խնդիրը լուծել, քննարկվել է բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հնարավորությունը:
Սևան քաղաքում փոխվարչապետը ծանոթացավ նաև ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որի համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 68 մլն դրամ:
Սևանից փոխվարչապետը մեկնեց Գավառ` ճանապարհին կանգ առնելով Ծովագյուղ և Ծովազարդ համայնքներում: Ծովագյուղում Ա. Գևորգյանը ծանոթացավ հիմնանորոգված մանկապարտեզի պայմաններին, որի համար ծրագրի առաջին և երկրորդ փուլերով ընդհանուր առմամբ հատկացվել է 75 մլն դրամ: Մարզպետը տեղկացրեց նաև, որ ընթացքում է գյուղի դպրոցի վերանորոգումը, որի համար պետբյուջեով հատկացվել է 210 մլն դրամ:
Ծովազարդում ևս դպրոցի վերնորոգման աշխատանքներ են իրականացվում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով հատկացված 20 մլն դրամով:
Գավառ քաղաքում փոխվարչապետը ծանոթացել է թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրով այս նպատակի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 100 մլն դրամ:
Այցի ընթացքում մարզպետի հետ քննարկվել են ծրագրերի կատարմանն առնչվող հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ: Փոխվարչապետը մարզպետին հորդորել է հետևել հատկապես շինարարական աշխատանքների որակին և ծրագրով նախատեսված աշխատանքների` ողջ ծավալով իրականացմանը: Անդրադարձ է եղել նաև սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին:









































