Թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում, անդրադարձել է հունիսի 22-ին Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Միջերկրական ծովում Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-4 ինքնաթիռի կործանման միջադեպին.
«Մենք մանրամասնորեն իրազեկված ենք աշխարհի բոլոր գործընթացների մասին, այդ թվում նաև Սիրիայի կողմից թուրքական ինքնաթիռը կործանելու մասին: Սակայն մենք չենք մեկնաբանի վիճելի պահերը:
Ի՞նչ տարբերություն, թե որտեղ է խփվել այդ ինքնաթիռը. միջազգային ջրերո՞ւմ, թե՞ Սիրիայի տարածքային ջրերում: Մեզ համար գլխավորն այն է, որ խփվել է մեր դաշնակից Թուրքիայի ինքնաթիռը: Մեզ տխրեցրել է այդ փաստը և թուրք օդաչուների զոհվելը: ԱՄՆ-ն անում է ամեն հնարավոր բան՝ Թուրքիային աջակցելու համար:
Միևնույն ժամանակ Սիրիայի հարցի ռազմական լուծումը լավագույն տարբերակը չէ: Ոչ միայն մենք, այլև ՆԱՏՕ-ի մյուս անդամները կարծում են, որ պետք չէ դիմել սիրիական խնդրի ռազմական կարգավորմանը: Սակայն մենք հավատում ենք, որ Սիրիայի ժողովուրդը կազատագրվի այդ արյունալի բռնապետությունից, և այդ պլանում մենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ շարունակում ենք լուրջ ճնշում գործադրել Ասադի ռեժիմի վրա»:









































