«Արարատ» կոնյակի գործարանը Բելառուսում արտադրական գիծ է բացել: Այս մասին հաղորդում է TVR-ը և հիշեցնում, որ երկու տարի առաջ Երևանում գործարան կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահն առաջարկել էր կոնյակի արտադրություն սկսել Մինսկում:
Համատեղ ձեռնարկությունը, որը սկսել է գործել հուլիսի 10-ին, ստեղծվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի միջև ձեռք բերված համաձայնությամբ:
Համատեղ ձեռնարկությունը տարեկան 2 միլիոն լիտր ոգելից խմիչք կարտադրի: Հումքը կմատակարարվի Հայաստանից: Մինսկի գործարանում նախատեսված է արտադրել «Առասպել» ապրանքանիշի՝ 3 և 5 աստղանի կոնյակ:
Ըստ հայկական կողմի՝ համատեղ ձեռնարկությունը հիանալի բիզնես-նախագիծ է: Համատեղ ձեռնարկության արտադրանքը արդեն տեղափոխվում է առևտրային ցանցեր: Գները խոստանում են համեստ լինել:
Հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն մի քանի անգամ նշել է երկու երկրների գործարար համայնքների երկխոսությունն ավելի ակտիվ դարձնելու մասին: Մեկ տարի առաջ Երևանում բացվել է Բելառուսի առևտրային տունը: Այժմ Մինսկում սկսվել է կոնյակի շշալցման զանգվածային արտադրություն: Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ երկու նախագծերն էլ շատ հավակնոտ են: Դա խոսում է ներդրումային համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին:











































