Միացյալ Նահանգներում գործող հեղինակավոր Jane’s Intelligence հետազոտական կենտրոնի վերջին վերլուծությունում նշվում է, որ չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ վերջին տարիներին գործադրված բազմաթիվ դիվանագիտական ջանքերին` հակամարտությունը շարունակում է բորբոքվել: Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանը առավելություն ունի Հայաստանի նկատմամբ թե՛ զինվորների թվաքանակի, թե՛ բյուջեի, թե՛ սպառազինությունների ավելացման տեսանկյունից. «Այդուամենայնիվ, պարզ չէ` արդյոք պաշտոնական Բաքուն կկարողանա՞ այս քանակական առավելությունը վերածել որակականի և էականորեն փոխել իրավիճակը ռազմադաշտում»։
Jane’s Intelligence-ի վերլուծության մասին ԼՂ դիրքորոշումը լսելու համար դիմեցինք ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարաբերությունների նախագահ Վահրամ Աթանեսյանին: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նախ կցանկանար ասել, որ իր կարծիքով, Միացյալ Նահանգները աշխարհի այն երկիրն է, որ ունի ամենամեծ ռազմական բյուջեն: Բայց դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները կարող է ռազմական ծախսերը մեծացնելով կամ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով աշխարհում հաստատել այնպիսի կարգեր, որոնք իրեն ձեռնտու են: «Առաջին վերաբերմունքս սա է` այն իմաստով, որ մեզ համար, կոնկրետ ինձ համար անընդունելի է, երբ որևէ վերլուծական հաստատություն կամ վերլուծաբան, կամ իրեն հեղինակավոր ներկայացնող կառույց փորձում է իրավիճակը գնահատել բյուջեի մեջ ռազմական ծախսերի հարաբերակցությամբ: Երբ 1991թ.-ի վերջին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի անկախություն հռչակած հանրապետության վրա, ուժերի հարաբերակցությունը համենայնդեպս ավելի բացասական է եղել հայկական կողմի համար, քան այսօր, բայց պատերազմական գործողությունները, որ ծավալվել են մինչև 1994թ.-ի մայիս, այլ արդյունքներ են գրանցել, քան կանխատեսել էր Ադրբեջանը, քան կցանկանային որոշ հեղինակավոր միջազգային վերլուծական կենտրոններ: Այն ժամանակ էլ կանխատեսվում էր սով, չգիտեմ` շրջափակման հետևանքով սոցիալական աղետ, ողբերգություն ԼՂ ժողովրդի համար և այլն, իսկ ժամանակը ապացուցեց, որ դրանք, բարեբախտաբար, կյանքի չկոչվեցին»,- նկատեց Վահրամ Աթանեսյանը և ավելացրեց, թե չի կարելի խնդիրը քննարկել այն հարթությամբ, թե ով է այսօր միջոցներ ծախսում ռազմական բյուջեն ավելացնելու կամ նոր զինատեսակներ ձեռք բերելու կտրվածքվ:
Նրա խոսքերով, խնդրին ուշադրություն պետք է դարձնել այն կտրվածքով, թե ով է շահագրգռված, որպեսզի տարածաշրջանում նոր պատերազմ չլինի: «Աշխարհի քաղաքական կենտրոնների, այդ թվում` վերլուծական կենտրոնների խնդիրը մենք պատկերացնում ենք այնպես, որ նրանք պետք է հակամարտության կողմերին ուղղորդեն դեպի խաղաղության և համագործակցության հեռանկար, այլ ոչ թե ավերածությունների, հերթական ճգնաժամի, ինչը առաջին հերթին և ամենաէական կերպով ազդեց հենց այն երկրների ազգային շահի և անվտանգության վրա, որոնք այսօր, տուրք տալով Ադրբեջանի կոմունիկացիոն գրավչությանը և այդ երկրից էներգակիրներ ներկրելու, փոխադրելու իրենց նպատակաուղղվածությանը, կարծես թե կամա թե ակամա պլանավորում են Ադրբեջանի ռազմատենչությունը: Ես այսպես կբնութագրեի իրավիճակը»,- եզրափակեց Վահրամ Աթանեսյանը:







































