Անդրադառնալով Ֆրանսիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը «հարություն չի առնի»` արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան Արման Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ն պետք է դասեր քաղի իր վարած արտաքին քաղաքականության սխալներից եւ անտեղի չոգեւորվի տարբեր առիթներով: «Մեր արտաքին քաղաքականությունը սխալ ճանապարհով գնաց, անհարկի ոգեւորվեցինք, թե պետք է անպայման այդ հարցը մեր օգտին լուծվի: Ոգեւորվելը դիվանագիտության մեջ բացառվում է: Ընդհանրապես պետք է սառնասիրտ լինենք բոլոր հարցերում: Հիշո՞ւմ եք՝ ինչ ոգեւորություն ապրեցին այն ժամանակ, ժողովուրդը ծնկաչոք գնաց ֆրանսիական դեսպանատան առաջ, խունկ վառեցին, մոմ վառեցին: Ինչի՞ համար էր էդ բոլորը: Մի՞թե պարզ չէր, որ ֆրանսիացիները չէին գնալու այդ քայլին: Ֆրանսիան եւ որեւէ այլ խոշոր պետություն իր շահերից ելնելով երբեք չի գնա այն քայլին, որը կվնասի իր քաղաքական, տնտեսական, ռազմական նպատակների իրագործմանը»,- ընդգծեց դիվանագետը:
Ա. Նավասարդյանը խորհուրդ է տալիս հարցին մոտենալ ավելի սթափ, խորությամբ ուսումնասիրել Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը: Նա հիշեցրեց, որ ֆրանսիացիները նման դիվանագիտական խաղերի մեծ վարպետ են: «Սարկոզիի օրոք ֆրանսիացիները ցուցադրեցին, որ ծայրահեղությունների մեջ կարող են պահել հակասական հավասարակշռություն: Ստացվեց այնպես, որ սկզբում հայկական կողմն էր գոհ, կարծես ամեն ինչ նորմալ պետք է գնար: Բայց վերջին հաշվով նրանք կարողացան հավասարակշռել նաեւ Անկարայի հետ հարաբերությունները: Եվ փաստորեն հաղթող դուրս եկան թուրքերը»,- նկատեց դիվանագետը` հավելելով, որ Հայաստանը չի կարող որեւէ բան պարտադրել որեւէ երկրի, բայց պետք է համարժեք պատասխան տա թուրքական եւ ադրբեջանական պորպագանդիստական քաղաքականությանը: Այնինչ շատ հաճախ հանդես ենք գալիս լռողի դերում: «Պետք է ունենանք հարձակողական դիվանագիտություն, ոչ թե ագրեսիվ, այլ ակտիվ հարձակողական: Դրա կողքին պետք է ունենանք ճկունություն, սթափ եւ սառը դատողություն»,- ասաց նա:









































