Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստ է վրացական արտադրողներից գնել սնունդ և հագուստ՝ Աֆղանստանում գտնվող իր զինծառայողների համար: Հենց դրան է նվիրված այսօր Թբիլիսիում կայանալիք սիմպոզիումը:
Այն կազմակերպել են Վրաստանի կառավարությունն ու ԱՄՆ պաշտպանության նախարարության լոգիստիկ դեպարտամենտ: ԱՄՆ օրենսդրությունում կատարված ուղղումները վրացի ձեռնարկատերերին հնարավորություն են ընձեռում մասնակցել Պենտագոնի մատակարարման շուրջ հայտարարվող տենդերներին:
Սիմպոզիումի հետ կապված՝ Վրաստանի նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ վրացի գործարարներն ամերիկյան շուկա դուրս գալու եզակի հնարավորություն կստանան. «Դա խոշոր շուկա է, որը կազմում է 47 միլիարդ դոլար, և վրացի ձեռնարկատերեր կարող են դառնալ դրա մի մասնիկը: Դա կնպաստի Վրաստանում բիզնեսի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և արտադրանքի որակի բարձրացմանը»:
Սիմպոզիումին մասնակցում է 120 վրացական ընկերություն: Երկու օր շարունակ Պենտագոնի ներկայացուցիչները վրացի արտադրողներին կծանոթացնեն Պենտագոնի տենդերների պայմաններին ու ապրանքների նկատմամբ ներկայացվող պահանջներին:









































