Նահանգապետը գործառույթներ չունի Սամցխե Ջավախեթիում և նրան ոչ ոք չի ճանաչում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը՝ անդրադառնալով այս տարածաշրջանում նոր նահանգապետի նշանակմանը:
Ըստ Առնոլդ Ստեփանյանի՝ Ջավախեթիում շատերը չգիտեն նույնիսկ նորանշանակ նահանգապետի անունը, քանի որ վերջինս ֆունկցիաներ չունի Վրաստանում, Սամցխե Ջավախեթին ամբողջությամբ ղեկավարվում է Ներքին գործերի նախարարության չինովնիկների կողմից: Ուստի, ըստ Առնոլդ Ստեփանյանի, սա է պատճառը, որ նահանգապետի կարիք նույնիսկ չկա:
«Երբ Մերաբիշվիլին դարձավ վարչապետ, որոշ փոփոխություններ եղան և նրա մի քանի օգնականները, որոնք աշխատում էին ներքին գործերի նախարարությունում, արդեն այնտեղ չեն աշխատում, ուստի ես չեմ բացառում, որ ոստիկանական վերահսկողությունը Ջավախեթիում կթուլանա և հնարավոր է նոր մեխանիզմներ ի հայտ գան»,- նշեց Առնոլդ Ստեփանյանը՝ չբացառելով, որ նոր մեխանիզմներից մեկը լինի այն, որ նահանգապետը ստանա այդ գործառույթները:
Առնոլդ Ստեփանյանի պարզաբանմամբ՝ Սամցխե Ջավախեթիում նահանգապետն ունի այնքան գործառույթներ, ինչքան իրեն թույլ են տալիս կառավարության առաջին դեմքերը, կան միայն փոքր ֆունկցիաներ, որոնք ոչինչ են, դրանք հանդիսանում են նախագահի և նահանգի միջև կապող օղակ:
Հիշեցնենք, որ Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում նոր նահանգապետ է նշանակվել Իվանե Ցիկլաուրին, որը հուլիսի 6-ից փոխարինում է Լաշու Չկադուային:
Ցիկլաուրին մինչ նոր նշանակումը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի ներքին գործերի նախարարությունում, որոշ ժամանակ ղեկավարել է նաև Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչությունը։ Նախկին նահանգապետ Չկադուան տեղափոխվել է Աշխատանքի տեղավորման նորաստեղծ նախարարություն։








































