Նախկին Հարավսլավիայի հարցով Միջազգային քրեական տրիբունալն այսօր վերսկսել է դատավարությունը բոսնիացի սերբերի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի դեմ՝ չնայած այն բանին, որ վերջինիս փաստաբանը լսումները սկսելուց մի քանի ժամ առաջ միջնորդություն էր ներկայացրել՝ այն հետաձգելու վերաբերյալ: Դրանում դատապաշտպանը զգուշացնում է, որ տրիբունալի կանոնների վերջին փոփոխությունները, որոնք դատախազությանը թույլատրում են ավելի շատ վկայություններ ներկայացնել, քան նախկինում, կարող են «հանգեցնել արդարադատության ծայրահեղ սխալի»: Նա կոչ է արել դատավորներին «արագ գործողություններ ձեռնարկել պոտենցիալ դատական սխալից խուսափելու համար»:
Այնուամենայնիվ, նախագահող դատավոր Ալֆոնս Օրին որոշել է չհետաձգել լսումները, որոնք սկսվել են համաձայն գրաֆիկի, ըստ որի՝ երկու աշխատանքային շաբաթվա ընթացքում իրենց ցուցմունքները պետք է տան մեղադրող կողմի հրավիրած վկաները: Նրանց ելույթները կշարունակվեն մինչև հուլիսի 20*-ը ներառյալ, որից հետո տրիբունալը արձակուրդի կմեկնի երեք շաբաթով: Ընդհանուր առմամբ դատական գործընթացում մեղադրող կողմը պատրաստվում է ներկայացնել ավելի քան 400 վկա՝ ինչպես գրավոր, անպես էլ բանավոր:
Դրա համար կպահանջվի մոտ 200 աշխատանքային ժամ: Տրիբունալի դատախազը կարծում է, որ դատավարությունը կշարունակվի մոտ 3 տարի:
Մլադիչի մեղադրանքը բաղկացած է 11 կետից: 70-ամյա նախկին հրամանատարը գլխավորապես մեղադրվում է 1995թ. Սրեբրենիցայում 8000 մուսուլմանների սպանության մեջ:







































