Կիպրոսի և Իսպանիայի համար հակաճգնաժամային ծրագրերը, Հունաստանում տիրող իրավիճակը և եվրոխմբի նոր ղեկավարի թեկնածության վերաբերյալ քննարկումները կլինեն եվրոգոտու 17 երկրների ֆինանսների նախարարների այսօրվա հանդիպման հիմնական թեմաները:
Եվրոխումբն արդեն սկզբունքային որոշում է ընդունել, որ Նիկոսիայի բանկերի ռեկապիտալիզացիայի և Մադրիդի համար օգնություն կտրամադրվի, և այժմ պետք է մշակվեն դրա մեխանիզմներն ու պայմանները:
Նախնական տվյալներով՝ Իսպանիայի օգնության ծրագիրը կարող է կազմել 100 մլրդ եվրո, Կիպրոսինը՝ 10 մլրդ: Այդ միջոցների տրամադրման հիմնական աղբյուրը կլինեն ԵՄ կայունացման հիմնադրամը և Եվրոպական կայունացման մեխանիզմը, որը կգործարկվի մինչև ընթացիկ ամսվա վերջը և իր վրա կվերցնի կայունացման հիմնադրամի գործառույթները: Նրա աշխատանքների նախապատրաստման հարցը նույնպես կքննարկվի սպասվող հանդիպմանը:
Ինչ վերաբերում է եվրոխմբի ղեկավարությանը, ապա մինչ այս պահը պետությունների ղեկավարները միասնական թեկնածու չեն ընտրել նոր նախագահի համար, որը պետք է այդ պաշտոնում փոխարինի Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերին (նրա մանդատը լրանում է հուլիսի 17-ին): Եվրոպական դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած Յունկերը հայտաարել է, որ չի ցանկանում շարունակել աշխատանքն այդ պաշտոնում, նրան դեռ որոշ ժամանակ կարող են թողմել այդ պաշտոնում, մինչև որ Ֆրանսիան և Գերմանիան հարթեն տարաձայնությունները նոր թեկնածուի հարցում:
Նախարարները նաև պետք է քննարկեն հունիսի 28-29-ը տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի արդյունքները կյանքի կոչելու հեռանկարները:









































