Սարդարապատի հուշահամալիրում հուլիսի 11-ին կանցկացվի տոլմայի համազգային փառատոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ քարտուղար Վահե Անթանեսյանը:
Բանախոսի հավաստմամբ՝ փառատոնի անցկացմանը խթանել է անցած տարի Ադրբեջանի արած հայտարարությունը, թե` տոլման հայկական կերակրատեսակ չէ. «Դրանից երկու ամիս անց կազմակերպեցինք տոլմայի փառատոն, սակայն գաղափարը ոչ թե միայն ադրբեջանցիներին հակահարված տալն է, այլև ազգային կերակրատեսակի տարածումն ու զարգացումը»:
Նա նշեց նաև, որ տոլման կպատրաստվի և՛ տեղում, և՛ արդեն պատրաստի կցուցադրվի: Կլինեն 20 տաղավարներ, որտեղ կցուցադրվեն տոլմայի 70-ից ավելի տեսակներ:
Ասուլիսի մյուս բանախոս` ժողովրդական դերասան Ռաֆայել Քոթանջյանն ասաց, որ փորձել են այնպես անել, որպեսզի այդ փառատոնը համընկնի «Ոսկե ծիրանի» հետ. «Այս ընթացքում հաճախ են Հայաստան գալիս անվանի, հռչակավոր մարդիկ: Մենք «Ոսկե ծիրանի» բոլոր մասնակիցներին հրավիրել ենք փառատոնին, և կարող եմ ասել, որ գրեթե բոլորը ընդունել են մեր հրավերը»:
Պրն Քոթանջյանը նշեց նաև, որ Սարդարապատի ճանապարհին օտարերկրացիներին կպատմեն Սարդարապատի ճակատամարտի մասին, կներկայացնեն հայոց պատմությունն ու մշակույթը: Այս առումով պատահական չէ վայրի ընտրությունը:
Նշենք նաև, որ դեպի Սարդարապատ տրանսպորտը կշարժվի հունիսի 11-ին՝ չորեքշաբթի օրը, ժամը 16.45-ին: Միջոցառմանը աջակցում են ՀՀ մշակույթի, կապի և տրանսպորտի նախարարությունները, «Ֆրեշ» և «Պեպսի կոլա» ընկերությունները:









































