Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր ընդդիմադիր դաշինք է ձևավորվում խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում և Միասնական Վրաստան» կուսակցապետ Նինո Բուրջանաձեի շուրջ: Բուրջանաձեն հաստատել է, որ տվյալ ուղղությամբ ակտիվ խորհրդակցություններ ու քննարկումներ են ծավալվել:
Պլանավորված է, որ այդ դաշինքի մեջ են մտնելու պատգամավոր Կախա Կուկավայի «Ազատ Վրաստան» կուսակցությունը, խորհրդարանի մեկ այլ նախկին խոսնակ Ակակիա Ասաթիանիի «Ավանդապահների միությունը» և Քութայիսի նախկին նահանգապետ Թեմուր Շաշիաշվիլիի գլխավորած «Սպիտակ» շարժումը: Չի բացառվում նաև, որ դաշինքին կարող է անդամակցել «Վրացական հավաք» կուսակցության պատգամավոր Ջոնդի Բագատուրիան:
Տվյալ դաշինքի ստեղծման նպատակը երրորդ ուժի վերածվելն է՝ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայից հետո:
Բուրջանաձեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չպետք է կորչի անգամ մեկ քվե: Նա հավելել է, որ իրենք պայքարելու են միայն իշխանությունների և ոչ թե մյուս ընդդիմադիրների դեմ՝ ընդգծելով, որ իրենց այդպես էլ չհաջողվեց ձևավորել միասնական ընդդիմադիր ճակատ:









































