ԵՄ ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը՝ Փիթեր Ստանոն, ասել էր, որ մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հիմնականում դրական անցան, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, և կախված այն հանգամանքից, թե ինչպես Հայաստանը կարձագանքի այդ խնդիրներին՝ 2013-ի նախագահական ընտրությունները ազատ և արդար անցկացնելու առումով, առավել հստակ կլինի՝ երբ է անցկացվում այս համաժողովը, ինչպես նաև՝ ինչ կարող է անել Եվրամիությունը Հայաստանին է՛լ ավելի աջակցելու և օրակարգում առկա բոլոր ծրագրերը կատարելու ուղղությամբ: Իսկ ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը իր ելույթում նշեց, որ ուրախությամբ կնպաստեն դոնորների համաժողովի հրավիրմանը։
Խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ: Մեզ հետ զրույցում անդրադառնալով Եվրամիության կողմից Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովի հրավիրմանը, նա նշեց. «Չկա որևէ որոշում, դոնորների համաժողովը ՀՀ նախագահական ընտրություններից հետո անցկացնելու մասին։ Նման ինֆորմացիայի տարածումը եղել է սխալ մեկնաբանության արդյունք, իսկ իրականում նման որոշում չի կայացվել, ուղղակի որոշակի աշխատանքներ կան անելու, որոնք պետք է կատարվեն ներսում իրավիճակը բարելավելու համար»։ Մեր դիտարկմանը, թե կարելի՞ է կարծել, որ դոնորների համաժողովը կլինի մինչև նախագահական ընտրություններ, պարոն Ղազինյանը պատասխանեց. «Կարելի է սպասել, որ այո, կլինի մինչ նախագահական ընտրություններ»։ Ինչ վերաբերում է ինֆորմացիայի սխալ մեկնաբանությանը, ապա Ա․ Ղազինյանը նշեց. «Քանի որ ասվել է, որ Հայաստանը դեռ գործ ունի անելու՝ կապված ժողովրդավարության հետ, դա ընկալվել է որպես փորձաշրջանի նման մի բան, որի միջով Հայաստանը պետք է անցնի` ապացուցելու համար, որ հասարակության մեջ ամեն բան նորմալ է, և ժողովուրդը վստահում է, ժողովրդավարություն կա։ Բայց իրականության մեջ որևէ պահանջ և ժամկետ՝ նշված նախագահական ընտրությունների հետ, չկա։ Այսինքն՝ դա կարող է լինել նաև աշնանը, որևէ խնդիր չկա, ամեն բան թողնված է բաց վիճակում, և որ պահին երկկողմանի համաձայնություն ձեռք բերվի համաժողովն անցկացնելու ուղղությամբ, ապա շատ արագ էլ այն կարվի»։
«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանը նույն խնդրի շուրջ այսպես արտահայտվեց․ «Բնականորեն ավելի պիտի հավատամ նախագահի խոսքերին, ինչ վերաբերում է Շտեֆան Ֆյուլեի խոսնակի հայտարարությանը, ապա այնտեղ ինչ-որ ձևով տեղ են գտնում ավելի տեխնիկական խնդիրներ։ Այս օրերին, անկեղծ ասած, մենք ենք նաև զբաղվում այս գործընթացով, այսինքն՝ ինչ-որ կերպ փորձում ենք հասկանալ այս հակասությունը, մյուս կողմից` իհարկե փորձում ենք խթանել գործընթացը, քանի որ բոլորիս շատ պարզ է, որ Հայաստանի տնտեսական վերապրումը 2009-ի ճգնաժամից հետո դեռ բավական խոցելի կարող է լինել, հետևաբար՝ Հայաստանը կարիք ունի այդ դոնորների համաժողովին որքան հնարավոր է շուտ։ Այս օրերին մենք ՝ Հայստանի եվրոպական բարեկամներս, Բրյուսելում, զբաղվում ենք հենց այս խնդրով։ Իհարկե լինելու է համաժողով, և իհարկե Ֆյուլեի խոսնակը դա չէր մերժում, ինչ-որ ժամանակային խնդիրներ էին ավելի արծարծված իր հայտարարության մեջ։ Վստահեցնում եմ, որ դոնորների համաժողով լինելու է։ Ինչ վերաբերում է խոչընդոտներին, ապա մենք՝ ՀԿ-ներս, կարող ենք մեր լուման ունենալ, աջակցել ժողովի շուտափույթ կազմակերպմանը։ Սակայն մյուս կողմից` իհարկե պիտի նկատի ունենանք, որ ԵՄ-ում այս ամիսներին, այս շաբաթներին տիրող մեծագույն թեման տնտեսական ճգնաժամն է, հետևաբար պիտի նաև նկատի ունենանք նման մի իրավիճակ, երբ կազմակերպվում է դոնորների համաժողով, և երբ փաստորեն երկիրը հայցում է տնտեսական օգնություն և ֆինանսական միջոցներ։
ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը, խոսելով դոնորների համաժողովի հրավիրման վերաբերյալ հնչած հայտարարությունների մասին, ասաց. «Երբ դոնորների համաժողովը որոշում ընդունեց, որ կկրճատի Հայաստանի ֆինանսական օգնությունը, դա 2008թ․ ընտրությունների և վերջին ընտրությունների ուսումնասիրության արդյունք էր, և ընդհանուր առմամբ՝ Հայաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների և ընդհանրապես թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բարեփոխումների ուսումնասիրության արդյունք։ Այսինքն՝ այնտեղ Հայաստանի հարցը քննարկվել էր բոլոր տեսանկյուններով։ Իսկ ԵՄ նախագահը, ինձ թվում է, որ իր այցելության ժամանակ արդեն կոնկրետ հարցեր էր բարձրացրել, և ինձ թվում է, որ իր հայտարարությունը ավելի շատ կապված է Հայաստանի կատարելիք քայլերի հետ։ Այսինքն՝ նա սրանով նշեց, որ դռները փակ չեն, և Հայաստանի որոշ առաջընթացի դեպքում այդ հարցը նորից կվերանայվի։ Կարծում եմ՝ դա դիտվում է նաև ապագա նախագահական ընտրությունների կտրվածքով, և ինչու չէ, նաև Հայաստանի այս վերջին իրադարձությունների՝ «Հարսնաքարի» դեպքի ու ընդհանրապես Հայաստանի քաղաքական ընթացիկ իրավիճակի հետ կապված»։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով դոնորների համաժողովի հրավիրման շուրջ հնչեցրած հակառակ հայտարարություններին, նշեց․ «Ես այդ երկու հայտարարությունների միջև հակասություններ չեմ տեսնում: Շտեֆան Ֆյուլեն ԱԼԳ երկրների հետ բանակցությունների անմիջական մասնակից է, և այն, ինչի մասին ինքը խոսում է, վերաբերում է ոչ հեռավոր և ոչ անորոշ պլաններին: Ակնհայտ է, որ դոնորների համաժողովի կազմակերպումը կախված է նրանից, թե ինչպիսի հետևություններ կանեն ՀՀ իշխանությունները անցած խորհրդարանական ընտրություններից: Իսկ Հերման վան Ռոմպեյը, լինելով Եվրամիության ամենաբարձրաստիճան քաղաքական պաշտոնյա, բնական է` Հայաստանի մասին խոսելու համար շատ առիթներ չի ունենում, և իր ասածները վերաբերում են ԵՄ ռազմավարական նպատակներին: Եվ այդ ծրագրերում մեր երկիրն այսօր ցանկանում են տեսնել որպես «Արևելյան գործընկերության» success story: Այդ ցանկությունը իրականություն դարձնելու համար պատրաստ են որոշակի ջանքեր գործադրել՝ մասնավորապես նախապատրաստական աշխատանքներ կատարել դոնորների համաժողովի համար: Միևնույն ժամանակ, այդ նախապատրաստական աշխատանքները կպսակվեն կոնկրետ արդյունքով միայն Հայաստանում իրական բարեփոխումների նկատմամբ հստակ կամք դրսևորվելու դեպքում»:








































