Դավիթ Շահնազարյանի որակի ու մասշտաբի քաղաքական գործչի հեռանալով՝ ՀԱԿ-ը շատ մեծ կորուստ է կրում. երկրորդ կարծիք լինել չի կարող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով՝ հեռացումների շղթան ՀԱԿ-ի համար շատ վտանգավոր է: «Բայց հեռացումների շարքը շարունակելու կամ կանգնեցնելու գործընթացը կախված է Հայ ազգային կոնգրեսի քայլերից: Եթե ՀԱԿ-ը մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո քայելր ձեռնարկեր, գուցե Դավիթ Շահնազարյանը չհեռանար: Դաշինքը, հակառակը, դանդաղում է, իր քայլերի մեջ չի կողմնորոշվում: Այժմ, երբ Կոնգրեսի ներսում որոշակի գործընթացներ են գնում, նրա օլիմպիական սառնասրտությունը բավականին վտանգավոր է»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ է մտածում ՀԱԿ-ի շարքերը լքելու մասին, նա պատասխանեց. «Ես, անձ լինելով հանդերձ, կուսակցություն եմ ներկայացնում: Չեմ կարող ասել, որ մեր կուսակցությունում հեռանալու տրամադրությունները գերակշռող են: Մի բան է լինել ուղղակի Պետրոս Մակեյան, մեկ այլ բան՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ: Իսկ կուսակցությունում մի փոքր այլ տրամադրություններ են, որոնք, միգուցե, որոշակիորեն տարբերվում են Պետրոս Մակեյան անձի տրամադրություններից»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ից դուրս գալու մասին Շահնազարյանը հայտարարել էր երեկ: «Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, և ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», – ասել էր Շահնազարյանը:









































