Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեկ կոչ է արել Լատինական Ամերիկայի ձախակողմյան ուժերին իրականացնել աշխարհի փոփոխման ծրագիրը և թույլ չտալ կապիտալիզմի գերիշխանություն: Այս մասին հաղորդում է Telesur հեռուստաալիքը:
«Ես ձեզ առաջարկում եմ մտածել, թե մենք կոնկրետ ինչ պետք է անենք այն աշխարհի առաջընթացի և փոփոխման համար, որը մենք հիմա ունենք»,- ասել է Չավեսը:
Նրա խոսքերով` անհրաժեշտ է հիմնադրել այդ աշխարհի նյութական և հոգևոր հիմքերը: Չավեսը ընդգծել է, որ սոցիալիզմի անցնելու պայքարը հաղթանակով է պսակվում: Հարավամերիկյան երկրի ղեկավարը գտնում է, որ հիմա սոցիալիստական հարձակման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել:
Նա շեշտել է, որ Լատինական Ամերիկայի առաջադեմ երկրներն են հիմա պայքարում հումանիտար իդեալների գաղափարների տարածման համար:









































