ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունները, մասնավորապես այն, որ ԵԽ նախագահը չի բացառել դոնորների համաժողովի ստեղծումը, նշեց․
«Երբ դոնորների համաժողովը որոշում ընդունեց, որ կրճատի Հայաստանի ֆինանսական օգնությունը, դա որպես 2008թ․-ի ընտրությունների և վերջին ընտրությունների ուսումնասիրության արդյունք էր, և ընդհանուր առմամբ՝ Հայաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների և ընդհանրապես թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բարեփոխումների ուսումնասիրության արդյունք։ Այսինքն՝ այնտեղ Հայաստանի հարցը քննարկվել էր բոլոր տեսանկյուններով։ Իսկ ԵՄ նախագահը, ինձ թվում է, որ իր այցելության ժամանակ արդեն կոնկրետ հարցեր էր բարձրացրել, և ինձ թվում է, որ իր հայտարարությունն ավելի շատ կապված է Հայաստանի կատարելիք քայլերի հետ։
Այսինքն՝ նա սրանով նշեց, որ դռները փակ չեն, և Հայաստանի որոշ առաջընթացի դեպքում այդ հարցը նորից կվերանայվի։ Կարծում եմ՝ դա դիտվում է նաև ապագա նախագահական ընտրությունների կտրվածքով, և ինչու չէ, նաև Հայաստանի այս վերջին իրադարձությունների՝ «Հարսնաքար»-ի դեպքի ու ընդհանրապես Հայաստանի քաղաքական ընթացիկ իրավիճակի հետ կապված։
Մեր այն դիտարկմանը, թե այս ֆոնին ինչպես կմեկնաբանի ԵՄ-ի կողմից 25%-ով Հայաստանին ֆինանսական աջակցությունն ավելացնելը․ սա ավա՞նս է, թե՞ վճար արդեն արված ինչ-որ բաների համար, Հ․Իգիթյանը նշեց․
«Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնենք, որ ԵՄ-ն ընդհանուր մոտեցում է ցուցաբերում բոլոր երկրների հանդեպ, որոնք ընդգրկված են «Արևելյան գործընկերության» շրջանականերում և ընդհանրապես ԵՄ հարևանության երկրների, որոնք կարծես այլընտրանք չունեն՝ բացի եվրոպական կառույցների հետ համագործակցելը։
Կարծում եմ՝ այո՛, սրանով նաև ավանսի ձևով Հայաստանին ևս մի հնարավորություն է տրվում այդ գումարները ճիշտ ձևով օգտագործելու, այսպես ասած, ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու համար։ Թե Հայաստանն ինչպես դա կօգտագործի, ժամանակի հարց է, և կարծում եմ, կլինեն նաև ԵՄ կառույցների համապատասխան գնահատականներ»։








































