Վերջին օրերի ամենաքննարկվող հարցն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը Ռուբեն Հայրապետյանի հարցի վերաբերյալ արտահերթ նիստ և խորհրդարանական լսումներ կազմակերպելու ցանկություն է առաջ քաշում: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «ժառանգություն»-ը որոշել էին արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրություններ հավաքել: Սակայն այս երեք կուսակցությունների անդամների ստորագրությունները բավարար չեն արտահերթ նիստ անցկացնելու համար, քանի որ անհրաժեշտ է 44 ստորագրություն: Եռյակը դիմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգնությանը: Ձևականորեն ԲՀԿ որոշ գործիչներ հայտարարել են, թե կողմ են արտահերթ նիստին և ստորագրահավաքին կմասնակցեն, սակայն շտապել են տեղեկացնել, որ ԲՀԿ պատգամավորներից 30-ը բացակայում են երկրից՝ մեկնել են արձակուրդի: Հետևաբար ստացվել է, որ ԲՀԿ-ն ոչնչով չի կարող օգնել ընդդիմադիր գործընկերներին՝ ապահովելու վերոնշյալ քանակությամբ ստորագրություն և պահանջելու արտահերթ նիստ:
ԲՀԿ-ից ստանալով նման պատասխան՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը որոշել են բավարարվել լսումներով, դիմել ԱԺ-ին՝ «Հարսանաքարի» դեպքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար: Այս նախաձեռնությանը միացել են նաև ԲՀԿ՝ արձակուրդում չգտնվող պատգամավորները, որոնց թիվը մոտ 10-ն է:
Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ արտահերթ նիստ պահանջող ընդդիմությունը չի ձևակերպել իր պահանջները և չի հստակեցրել նիստի օրակարգը: Իսկ դա անելու համար ԱԺ քարտուղարությունից պետք է ձևաթուղթ վերցնեին, որում կշարադրեին իրենց պահանջները: ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը մեզ տեղեկացրեց. «Ոչ ոք էլ ոչ մի ձևաթուղթ չի վերցրել»:
Այս ամբողջ գործընթացը համակարգել է ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Սակայն այդ խոսակցությունները եղել են միայն «օդի մեջ», այդպես էլ կոնկրետ որոշում չի կայացվել: Ստացվում է, որ մի կողմից` խորհրդարանական ընդդիմությունը պարզապես ձևական քայլերի է դիմել` արտահերթ նիստի վերաբերյալ աղմուկ բարձրացնելով, բայց այդպես էլ չի հստակեցրել իր պահանջներն ու աշխատանքը մինչև վերջ չի տարել, մյուս կողմից էլ` ԲՀԿ-ն է «շատ ցանկացել», բայց չի կարողացել գործընկերներին օգնել ստորագրությունների հարցում: Այսինքն՝ արհեստական աղմուկ է բարձրացվել մի հարցի շուրջ, որն ընդդիմությունն այդպես էլ ավարտին չի հասցրել:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ իրենց ընդդիմադիր գործընկերներն այդպես էլ չեն ձևակերպել իրենց պահանջը, արտահերթ նիստ անցկացնելու ձևաթուղթ չեն ներկայացրել իրենց:
«Թե ինչ օրակարգ պիտի պարունակի արտահերթ նիստը` չի քննարկվել: Ընդամենը ոտքի վրա քննարկել ենք, որ հնարավոր է՝ արտահերթ նիստ լինի: Պարզվեց, որ այս պահին հնարավոր չէ 44 ստորագրություն հավաքել, քանի որ ԲՀԿ 30 պատգամավոր այս պահին հանրապետությունում չեն: Եթե ուզենանք էլ, չենք կարող շատ ստորագրություն տալ: Մեր պատգամավորներից ընդամենը 10-12 են այստեղ: Հասկանալի է, որ ստորագրությունների հիմնական մասը պետք է տա ԲՀԿ-ն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ ավելի նպատակահարմար է, որ Ազգային ժողով հրավիրվի քննչական խումբ, և պատգամավորները հնարավորություն ունենան լսումների միջոցով լիարժեք տեղեկատվություն ստանալ դեպքի վերաբերյալ:
Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` եթե ԲՀԿ ղեկավարությունը շատ ուզենար, չէ՞ր կարող ապահովել իր բոլոր պատգամավորների մասնակցությունը ստորագրահավաքին: «Դուք արդեն մանիպուլյացիա եք անում: Ես ձեզ ասում եմ, որ կա իրական ցանկություն: «Բարգավաճը» ստորագրել է, մյուսների հետ դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ լսումների համար»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք նաև, թե այսօր Ռուբեն Հայրապետյանի դեմ դուրս եկած ԲՀԿ-ն պատրա՞ստ է արդյոք համակարգային պայքար մղել օլիգարխների և նրանց թիկնապահների դեմ, քանի որ Ռուբեն Հայրապետյանը միակ օլիգարխը չէ, ում թիկնապահները ծեծելով մարդ են սպանում. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամները բազմիցս հարձակվել են, ծեծել անմեղ մարդկանց:
«Ե՞րբ են ԲՀԿ շարքերում գտնվող մարդկանց թիկնապահները ծեծելով մարդ սպանել: Դուք արդեն անպատասխանատու հայտարարություններ եք անում, և ես չեմ պատրաստվում ձեր անպատասխանատու հայտարարություններին պատասխանել: Ցտեսություն»,- վրդովված ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանի հիշողությունը թարմացնելու համար բերենք մի քանի օրինակներ, երբ անձամբ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները ծեծել ու ահաբեկել են մարդկանց:
Այս տարվա խորհրդարանական ընտրությունների հենց հաջորդ օրը Ծառուկյանի «Դոդի Էդո» մականվամբ թիկնապահը դաժան ծեծի ենթարկեց միկրոավտոբուսի վարորդին հենց տուժողի կնոջ ներկայությամբ:
Տարիներ առաջ նույն Ծառուկյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին։
2004 թվականին Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենայի պայթեցումը: Թերթի խմբագիրը նաև ծեծի էր ենթարկվել ԲՀԿ-ականների կողմից:
2004 թվականին Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Աշոտ Ավետիսյանը բռնություն էր գործադրել լրագրող Աննա Իսրայելյանի նկատմամբ:
Գագիկ Ծառուկյանի սանիկը համարվող Բանգլադեշցի Համոյի մասնակցությամբ պարբերաբար ծեծկռտուքներ են եղել, ու մարդիկ են տուժել:
Գագիկ Ծառուկյանը միակ օրինակը չէ: Տարբեր ժամանակահատվածներում իրենց դաժան վարքով աչքի են ընկել տաբեր օլիգարխների՝ Սաշիկ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) թիկնապահները: Բնականաբար, նրանք չեն գործել առանց իրենց տերերի թույլտվության: Հետևաբար այսօր միայն Ռուբեն Հայրապետյանի դեմ «պայքարող» ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միացել է նաև ԲՀԿ-ն, լավ կանեին, եթե համակարգային պայքար ծավալեին:







































