Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ներկայացրեց Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիան, որն ուղղված էր վրացական պետհամարանիշներին վերաբերող ԱԺ և կառավարության որոշման դեմ:
Ս. Սաֆարյանը նշեց, որ Գյումրիում պայթյունավտանգ իրավիճակ էր։ Մասնավորապես, «Ասպարեզ» ակումբը շրջապատված էր ոստիկաններով, սակայն մեկուկես ժամ պայքարելուց հետո բողոքի մասնակիցներին հաջողվել է հասնել Բավրայի մաքսակետ:
Նրանք 4 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել մաքսայինի պետին, որպեսզի օրենքը վերանայվի 30 օրվա ընթացքում, իսկ այսօր կառավարությունից են պահանջում, որպեսզի վերջապես գիտակցեն ստեղծված իրավիճակի լրջությունը և շուրջ 40 հազար քաղաքացիների թույլ տան ազատ երթևեկելու:
Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, թե կառավարության համար հանգանակություն է հավաքում, որպեսզի կառավարությունը այլևս ժողովրդի գրպանը չմտնի, և, ցույց տալով հանգանակության պարկը` առաջարկեց բոլորին մասնակցել դրան: Լրագրողները ևս միացան հանգանակությանը:
Անահիտ Բախշյանը անդրադարձավ Հանրային հեռուստատեսության տնօրեն Ալեքսան Հարութունյանի այն հայտարարությանը, որը վերաբերում էր եթերից զրկված «Արարատ» հեռուստատեսության աշխատակիցներին աշխատանքով ապահովելուն, և որ դա նախագահի հրահանգն է: Տիկին Բախշյանը նշեց,որ այդ ելույթից հետո «Արարատ»-ի աշխատակիցները կապվել են իր հետ և ասել, որ այդ մասին իրենք տեղյակ չեն և զարմացած են նմանօրինակ հայտարարությունից:
Ստյոպա Սաֆարյանը ավելացրեց, որ «Ժառանգությունը» շարունակում է միավորված ընդդիմության կողմնակիցը լինել և կարծում է, որ ընդդիմությունը կարող է հաջողության հասնել միավորման միջոցով:









































