2008 թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն՝ բնակարանային շինարարության ծրագրով նախատեսված է մինչև 2013 թ. լուծել երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիի հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքների բնակարանային խնդիրները: Սակայն այս ծրագիրը կիրականացվի 80 %-ով և շուրջ 15 հազար քաղաքացի անօթևան կմնա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը:
Նա պարզաբանեց, որ աղետի գոտին ունի անօթևանների երկու խումբ, մի խումբն ընդգրկված է պետության կողմից բնակարանային փոխհատուցման հերթացուցակներում, իսկ մյուս խումբն ընդգրկված չէ:
Ըստ Վահան Թումասյանի` հերթացուցակը բաղկացած է 4270 անօթևաններից, իսկ 3500-ը հերթացուցակում ընդգրկված չեն: «Հիմա 4270-ից մոտավորապես 3300 բնակարան կապահովվի, 1040 բնակարան բախշվել է 2010 թվականին, 1756 նախատեսվում է բաշխել հիմա ընթացող վիճակահանության արդյունքում, 420 բնակարան ևս նախատեսել են հատկացնել, երբ մենք լրացուցիչ դիմեցինք:
Մոտ 400-500-ը կմերժվեն տարբեր պատճառներով և մոտավորապես 400-500 հերթացուցակներում հաշվառված անօթևանների համար բնակարանային ապահովում հաշվառված չէ: Ու այսպես՝ այս ծրագիրը կավարտվի, այն մոտավորապես 80%-ով կիրականացվի»,- մանրամասնեց «Շիրակ» կենտրոնի ղեկավարը` շարունակելով, որ կա մի հսկայական խումբ, որը հերթացուցակներում տարբեր պատճառներով ընդգրկված չէ:
Վահան Թումասյանի խոսքով` մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը շատերը չեն հասցրել փաստաթղթեր ներկայացնել, կան ընտանիքներ, որոնք կորցրել են ոչ պետական բնակարանները, այլ սեփականները: Նրա փաստմամբ` սրանք փոխհատուցման ենթակա չեն:









































