ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը գտնում է, որ գազի թանկացման վերաբերյալ տարածված լուրերն արդիական չեն և թանկացումներ չեն սպասվում առայժմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա տեսակետ հայտնեց, որ ամեն դեպքում գազի թանկացումը կարելի է դիտարկել 2 տեսանկյունից՝ տնտեսական և սոցիալական:
«Այն ապրանքատեսակները, որ արտադրում և արտահանում ենք, օրինակ՝ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի մեծ քանակություն է օգտագործվում, այդ ապրանքների գների փոփոխություն կլինի, որի հետևանքով դրանք կկորցնեն իրենց եղած մրցունակությունը»,- ասաց Մ. Մելքումյանը: Սակայն, ըստ նրա, գնի էական փոփոխություն չի լինի և կտրուկ թանկացումներ չեն սպասվում: Մ. Մելքումյանը նշեց, որ գազի միջազգային գինը 400-420 դոլար է, բայց ՀՀ-ն մոտ ապագայում չի հասնելու դրան: Ամեն դեպքում պատգամավորը գազի գնի թանկացումը «միանշանակ ոչ ցանկալի» անվանեց:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և մեր վառելիքաէներգետիկ համակարգը՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Էլեկտրական ցանցերը, ինտեգրված է ռուսական ընկերությունների շրջանակներում, և այդ պատճառով էլ գազի գնի կտրուկ թանկացումներ չեն լինի: Այս առումով չեն տուժի նաև թոշակառուները: Նա կրկնեց, որ միակ լուրջ խնդիրը համարում է այն արտադրատեսակների արտադրությունը, որտեղ գազի տեսակարար կշիռը բարձր է և մոտենում է 30-40%-ի, հատկապես արտահանվող արտադրատեսակների մասով, որ դրանք կարող են մրցունակությունից զրկվել:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ Հայաստանի դեպի Եվրոպա քաղաքական կողմնորոշման փոփոխության հետ կապված Ռուսաստանը կարող է թանկացնել գազը և հասցնել միջազգային գներին, Մ. Մելքումյանը պատասխանց. «Ո՛չ, բացառում եմ: Ռազմավարական գործընկերության դաշտում մենք ունենք ՌԴ-ի հետ այնպիսի այլ հարաբերություններ, որոնք կարող են հավասարակշռությունը պահպանել: Օրինակ՝ եթե Ադրբեջանը Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի համար վարձը հասցնի 300 մլն-ի, այդ դեպքում Ռուսաստանի այլընտրանքային շահեր ՀՀ-ում չպե՞տք է լինեն: Նաև մի մոռացեք, որ ամբողջ էներգետիկ համակարգն ինտեգրված է ռուսական ընկերություններում: Այդ բոլորը հարվածում է իրենց ևս: Ի նկատի ունեմ, որ Հայաստանի պարագայում գազի գնի կտրուկ աճ չեմ կանխատեսում»:









































