Կես տարի առաջ Իտալիայի ափերի մոտ խորտակված Costa Concordia զբոսանավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն ազատվել է տնային կալանքից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իտալացի դատավորը կապիտանին պարտավորեցրել է չբացակայել Նեապոլի նահանգում գտնվող Մետա-դի-Սորենտո քաղաքում, որտեղ նա բնակվում է:
Սկետինոյին մեղադրում են անփության ու չկանխամտածված սպանության մեջ: Բացի այդ` նա լքել էր նավը մինչ ուղևորների ամբողջական տարհանումը:
Costa Concordia-ն խորտակվել է Տիրենեյան ծովում` Ջիլո կղզու մոտակայքում: Նավում գտնվել է 4.2 հազար մարդ: Աղետի հետևանքով զոհվել էր 32 մարդ:









































