Ավստրիայի ոստիկանությունը հաշվետվություն է ներկայացրել մանկապիղծների դեմ երկրում իրականացված ռեկորդային խոշոր գործողության մասին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, դրա շրջանակներում միայն Ավստրիայում հայտնաբերվել է 272 կասկածյալ, որոնք համացանցում մանկական պոռնոգրաֆիայի նկարներ և տեսագրություններ են տարածել:
«Քերոլ» ծածկագրի տակ իրականացված գործողությանը Ավստրիայի ոստիկանությունը պատրաստվել է շուրջ 1 տարի: Ընդհանուր առմամբ դրան մասնակցել է երկրի 141 իրավապահ: Առգրավվել է մեծ քանակությամբ տեսագրություն և այլ նյութեր, սակայն ձերբակալությունների մասին ոչինչ չի հաղորդվում:
Ավստրիայի իշխանությունների տվյալներով՝ «Քերոլ»-ը եղել է նման տիպի ամենամեծ գործողությունը: Ակնկալվում է, որ դրա մանրամասները կհրապարակվեն հուլիսի 4-ին, ավելի ուշ՝ հատուկ մամուլի ասուլիսում:
Մանկապիղծների դեմ վերջին խոշոր գործողությունն իրականացվել է 2011թ. մարտին: Այդ ժամանակ ԵՄ ոստիկանական ծառայությունը հայտնաբերեց մանկական պոռնոգրաֆիա տարածող 670 կասկածյալների, 184 մարդ ձերբակալվեց: