Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ծայրահեղական վեբ-կայքի ադմինիստրատորին, որը կասկածվում է ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ համագործակցելու մեջ: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն՝ վկայակոչելով Փարիզի դատախազության հայտարարությունը:
Ձերբակալվածը ծնվել է 1977 թ. Թունիսում: Նրա անունը չի հաղորդվում: Ենթադրվում է, որ նա համակարգել է «Ալ-Քաիդա»-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսական հոսքերը և զբաղվել ահաբեկիչների հավաքագրմամբ:
Տղամարդն ապրել է Տուլոնում՝ Ֆրանսիայի հարավում, սակայն գործել է մի քանի երկրների տարածքներում: Նրան շուրջ մեկ տարի հետևել են և ձերբակալել ուրբաթ՝ հունիսի 29-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հուլիսի 3-ին:
Տղամարդու դեմ մեղադրանք է ներկայացվել ահաբեկչություններ կազմակերպելու և ահաբեկչական խմբերին ֆինանսավորելու մեջ: Թե կոնկրետ ինչ փաստեր են հավաքվել որպես ապացույց նրա ահաբեկչական գործունեության՝ չի հաղորդվում: