«Առաջին լրատվական»-ը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին հիշեցրեց, որ նա մի առիթով ասել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի ազդեցությունը զրոյանալու է: Աշոտ Մանուչարյանը դա համարու՞մ է դրական երևույթ:
«Եթե բոլոր գործընթացները շարունակվեն այսպես անցնցում, ապա Ռուսաստանն անընդհատ կորցնում է իր հնարավորություններն այստեղ, և խորհրդարանական ընտրությունները լրիվ կզրոյացնեն նրա ազդեցությունը Հայաստանում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Նա նշեց, որ Ռուսաստանի արժեհամակարգը համահունչ է մեր արժեհամակարգին, այդ առումով էլ նրան համարում է շատ կարևոր դաշնակից: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի համար ցանկալի է ապրել բալանսավորված աշխարհում:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, ըստ Աշոտ Մանուչարյանի, դրանք նախ պետք է զարգացնել հասարակական շփումների մակարդակով, իսկ միջպետական հարաբերությունները պետք է հաջորդեն դրանց:
Աշոտ Մանուչարյանին մտահոգում է, որ Հայաստանը դառնում է երկկրոն, և մուսուլման հայերը կարող են գերազանցել քրիստոնյաներին: Նա կանխատեսեց, որ ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում կարող են փոխվել տրամադրություններն ու մոտեցումները, որոնք էլ իրենց ազդեցությունը կունենան ներքաղաքական զարգացումների վրա:









































