Կառավարության «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականների ընտանիքներին» ծրագիրը, մի շարք երիտասարդ գիտնականների մտավախությամբ, կարող է իրականում անհասանելի լինել իրենց:
Ծրագիրը, որը պետք է շուկայականից ցածր գներով բնակարան ձեռք բերելու հնարավորություն տա վերջիներին, իրականում թիկունքում բազմաթիվ խնդիրներ ունի, ինչպես, օրինակ, այն, որ համաձայն ծրագրի պայմանների՝ երիտասարդ մշակույթի գործիչը կամ գիտնականը ծրագրից օգտվելու համար պետք է ունենա ամսական 120-130 հազար դրամ եկամուտ, մինչդեռ գիտաշխատողը վաստակում է ամսվա կտրվածքով միջինը 40-50 հազար դրամ:
ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը ամեն դեպքում առայժմ խուսափում է ծրագրի իրական աջակցության մասին կտրուկ կարծիքներ հայտնելուց:
Նրա խոսքով, ակադեմիայի երիտասարդ գիտնականներից շատերն են արդեն դիմել ծրագրին, սակայն քանի որ վիճակահանության փուլը դեռ առջևում է, հետագայում առաջանալիք խնդիրների մասին իրենք դեռ չեն մտածում և լավ տեղյակ էլ չեն, իսկ ծրագրի հետ բոլորն էլ մեծ հույսեր են կապում: