Կապանի ակումբա-գրադարանային միավորման գրադարանավարները օրերս ստուգարք են հանձնել։ Հարցաշարը 85 հարցից էր բաղկացած ու նախապես` 2 ամիս առաջ էր տրվել նրանց: Հարցաշարը քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնում են կազմել: Հարցերը ՀՀ Սահմանադրությունից, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքից, ազգային և համաքաղաքային տոներից, գրադարանային գործից էին:
Ըստ Կապանի քաղաքապետի խորհրդական Կարինե Հովսեփյանի` սա ստուգարք չէր. «Պարզապես որոշեցինք պարզել գրադարանավարների հմտությունը իրենց գործում»:
Ի դեպ, ստուգարքը նախատեսված էր ոչ թե օրենսդրական որևէ ենթաակտով, այլ պարզապես քաղաքապետարանի կանոնակարգով: Մեկ հարցատոմսում 10 հարց կար, ու հանձնաժողովի 9 անդամներից ներկա ութը քննվողներին գնահատեցին 0-2 բալանոց համակարգով: Արդյունքում, 23 հոգուց միայն մեկ հոգի է ստացել 100 տոկոս, 18 հոգի` 90-95 տոկոս, 2 հոգի` 84 տոկոս, 2 մասնակից անբավարար են ստացել:
60-ից 80 տոկոս միավորներ հավաքած գրադարանավարների հետագա աշխատանքը որոշվում է միավորման տնօրինության կողմից: