Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Այս մասին ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը զեկուցել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Անկախ մոնիտորինգի գործակալության ընտրության մրցույթի արդյունքների մասին, որոնք հաստատվել են խորհրդի անդամների կողմից: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև Աուդիտորի ընտրության գնահատման հանձնաժողովի կողմից կազմված կարճ ցուցակը:
Ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի Ագարակ և Ուջան բնակավայրերով անցնող հատվածների ծրագրի նախագիծը: