Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են, ավելացել են երկու երկրների միջև փոխայցելությունները:
Նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ առաջիկայում սպասվում են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն առաջիկայում այցելելու է Հայաստան, այնուհետև Սերժ Սարգսյանն է Իրանի նախագահի հրավերով այցելելու Իրան:
Ըստ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի` առևտրատնտեսական առումով Հայաստանը համարվում է Իրանի չորրորդ գործընկերը: ԻԻՀ դեսպանին գոհացնում են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջության զարգացումը: Նրա հաշվարկներով` անցյալ տարի մոտ 100 հազար զբոսաշրջիկ է այցելել Իրանից Հայաստան:
Սեյեդ Ալի Սաղայանը նշեց, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում աֆրիկյան երկրներում, չեն կարող անմիջական ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանում: Սակայն նկատեց, որ աշխարհում ժողովուրդների տեղեկացվածության մակարդակն էապես բարձրացել է, իսկ դա նշանակում է, որ այլևս հնարավոր չէ որևէ կարծիք պարտադրել ժողովրդին:
Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարին, ԻԻՀ դեսպանն ասաց, որ Իրանը չի խնայի որևէ ջանք, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ, բանակցային ճանապարհով: Միաժամանակ նա նշեց, որ իրենք դեմ են այն տեսակետին, որ ԼՂ հակամարտությունը կրոնական բնույթ ունի:








































